ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինին և ԵՄ անդամ ութ երկրների դեսպաններին ու դեսպանությունների ներկայացուցիչներին:

Երիտասարդների հետ հանդիպման նպատակն էր թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ ուսման և կարիերայի համար կարևոր հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությանը, նորարարական ու ստեղծագործ գաղափարների հայտնաբերմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերում:

Միջոցառումը վարում էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, որը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Եվրոպայի օրվա տոնի առթիվ և անդրադարձավ բարձրագույն կրթության ոլորտում Եվրամիության խոշորագույն ծրագրերի հնարավորություններին։

Կարևորելով հանդիպման նախաձեռնումը Գորիսի պետական համալսարանում՝ ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծեց. «ԵՄ պատվիրակության իմ գործընկերների հետ ուրախ ենք գտնվելու այստեղ և տոնելու Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է միասնություն և խաղաղություն: Օգտվելով առիթից՝ երիտասարդներին մաղթում եմ լինել նախաձեռնող և հաստատակամ, քանզի արագ զարգացող աշխարհում երիտասարդներին է վերապահված դառնալ նոր գաղափարների կրող և հասարակության շարժիչ ուժ»:

Հյուրընկալող հաստատության անունից հանդես եկավ նաև ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը. «Նկատի ունենալով այն, որ բուհի ռազմավարական զարգացման գերակա ուղղություններից մեկը միջազգայնացումն է, ԵՄ-ի օժանդակությամբ ԳՊՀ-ն ակտիվորեն իրականացնում է միջազգային մի շարք ծրագրեր, որոնք միտված են կրթական ժամանակակից պահանջներին համաքայլ ընթացքին»:

Քննարկումների և ակտիվ հարցուպատասխանի ընթացքում խոսնակներ Էդվարդ Գրիգորյանը (Հայաստանում Էրազմուս ուսանողական ցանց), Ռաֆիկ Պետրոսյանը (Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն) և Սոնա Հովսեփյանը (Եվրոպայի երիտասարդ դեսպաններ) խոսեցին իրենց հաջողությունների, ուսման և աշխատանքի ոլորտներում ձեռքբերած հմտությունների մասին:

ԳՊՀ-ում Եվրոպայի օրվան նվիրված հանդիպումն ամփոփվեց ԵՄ անդրամ երկրների դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների՝ երիտասարդներին ուղղված խորհուրդներով, այն է՝ արժևորել գիտելիքի և կրթության ուժը, լինել համարձակ և վեհ նպատակների կրող ու տարածող:

 

 

 

Facebook Comments