ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

Մայիսի 22-ին Գորիսի պետական համալսարանը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսին, Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլա Նիկոլովին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար տիկին Սատու Կոիվուին:

«Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման նպատակն էր խորացնել ուսանողների պատկերացումները ԵՄ–Հայաստան համագործակցության, երիտասարդական քաղաքականության, համատեղ արժեքների և երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ։

Միջոցառումը վարեց Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի, «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամ Մանե Արջունցը, որը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու ընդգծեց, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջական շփում ունենալ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ, բարձրաձայնել իրենց հարցերն ու մտահոգությունները։

Հանդիպում-քննարկումը մեկնարկեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի  ողջույնի խոսքով։  Ողջունելով հյուրերին՝ ռեկտորն ընդգծեց, որ Գորիսի պետական համալսարանի համար կարևոր նշանակություն ունեն միջազգային համագործակցությունը, միջմշակութային երկխոսությունը և կրթության միջոցով երիտասարդների կարողությունների զարգացումը։ Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպական միության դեսպանությանը՝ երիտասարդության հետ բաց և անմիջական հաղորդակցության հարթակ ստեղծելու համար՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն ավելի լավ ճանաչելու Եվրոպական միության գործունեությունն ու առաջնահերթությունները, այլև ձևավորելու ակտիվ, տեղեկացված և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում։ Ռեկտորը նաև ուրախությամբ նշեց, որ վերջին տարիներին համալսարանն ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության ծրագրերում, հատկապես՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ նախաձեռնություններում, որոնք օգնում են զգալիորեն բարձրացնել կրթության որակը և այն առավել համապատասխանեցնել աշխատաշուկայի արդի պահանջներին։

Ն.Գ. դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ ԵՄ–Հայաստան համագործակցության հիմնական ուղղություններին, երիտասարդների ներգրավվածության կարևորությանը և երիտասարդական նախաձեռնություններին տրամադրվող աջակցությանը՝ ընդգծելով, որ երիտասարդներն այսօր կարևոր դեր ունեն հասարակական և ժողովրդավարական գործընթացներում։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոիվուն խոսեց իրենց գործունեության, սահմանամերձ բնակավայրերում իրականացվող աշխատանքների և այնտեղ ապրող երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների մասին՝ շեշտադրելով, որ անվտանգության միջավայրն անմիջական ազդեցություն ունի երիտասարդների քաղաքացիական գիտակցության և հասարակական ներգրավվածության վրա։

Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Նիկոլա Նիկոլովը ներկայացրեց Հայաստան–Բուլղարիա համագործակցության ներկա ուղղությունները և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, շնորհավորելով Եվրոպայի օրվա առթիվ, նշեց, որ Սյունիքում Եվրոպայի օրը նշելն արդեն ավանդույթ է դարձել, ինչը կարևոր նշանակություն ունի փոխադարձ համագործակցության խորացման համար։

Միջոցառումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: Ուսանողները հյուրերին ուղղեցին մի շարք հարցեր՝ հետաքրքրվելով, թե ինչ հմտություններ են այսօր անհրաժեշտ երիտասարդներին՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ զարգանալու, մրցունակ լինելու և հասարակական կյանքում ակտիվ դերակատարում ունենալու համար, ինչպիսի փորձառություններն են ձևավորել դիվանագիտական գործունեությամբ զբաղվող անձանց աշխարհայացքը, ինչպես նաև ինչ նախաձեռնություններով է ԵՄ-ն աջակցում երիտասարդներին և սահմանամերձ համայնքներին։

Հանդիպմանը մասնակցեցին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ԵՄ դիտորդական առաքելության, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր։

Facebook Comments