ԳՊՀ – ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Գորիսի պետական համալսարանը, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մեծ խանդավառությամբ ընդունեց ուսանողներին:
Շահան Նաթալիի պուրակում Գիտելիքի և դպրության օրվան նվիրված հանդիսությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ օրերս կյանքից հեռացած ԳՊՀ դասախոս, գեղանկարիչ, քանդակագործ Միխայել Ղուկասյանի:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ համալսարանականներին շնորհավորական խոսք հղեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը. «Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ, այսօր կարևոր տոն է, որն իր շուրջն է համախմբել բոլորին, նոր սկիզբ է՝ կրթագիտական ու ստեղծագործական տքնաջան ու բեղուն աշխատանքի համար: Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ, նպատակասլացություն, ակտիվ և արդյունավետ ուսանողական տարիներ: Լիահույս եմ, որ ուսանողության նոր սերունդը կլինի համալսարանի լավագույն ավանդութների և արժեքների կրողն ու շարունակողը»:
Ուղջույնի խոսք ասացին նաև նաև ԳՊՀ ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, հումանիտար մասնագիտությունների, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետների դեկաններ Ս. Մանուչարյանը և Լ. Աթաբեկյանը, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Լ. Թունյանը՝ ուսանողներին մաղթելով ուսումնառության տարիների ընթացքում զինվել հարուստ գիտելիքներով, լինել ակտիվ ու նախաձեռնող, քանզի որակյալ մասնագետների միջոցով միայն կարող է հասարակությունը զարգանալ, հայրենիքը բարգավաճել:
Առաջին կուրսեցիների նորամուտը շնորհավորեց նաև ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Հայկուհի Արզանյանը. «Ես ևս միանում եմ բոլոր շնորհավորանքներին, և, անշուշտ, առաջին կուրսեցիներին հորդորում եմ անմնացորդ նվիրվել կրթական կարևոր գործին, բարձր պահել բուհի պատիվը, պատվով կրել ուսանող տիտղոսը, հավատացնում եմ, որ ավագ ուսանողներս պատրաստակամ ենք աջակցել և լինել ձեր կողքին»,- նշեց նա:
Առաջին կուրսեցիների անունից շնորհավորանքի ու շնորհակալության խոսք ասաց նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Քրիստինե Գրիգորյանը:
Միջոցառման ավարտին ԳՊՀ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ուղեկցեցին առաջին կուրսեցիներին ֆակուլտետներ՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, դասացուցակներին։

Facebook Comments