ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում մեծ ոգևորությամբ ու լի հույսերով տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը, որն իր շուրջը  համախմբեց կրթական գործի բոլոր նվիրյալներին և արժևորվեց մատաղ սերնդի գիտելիքի ու կրթության, ազգապահպանության և հզոր հայրենիք ունենալու նախապայմանով:

Համալսարանի բակում Գիտելիքի և դպրության օրվան նվիրված հանդիսությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ օրերս կյանքից հեռացած ԳՊՀ շրջանավարտ Օրի Բակունցի:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորական խոսք հղեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը. «Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ  Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում նոր գաղափարների իրագործում, կրթագիտական նոր վերելքներ և անսպառ նվիրում»: Ռեկտորն իր խոսում կարևորեց նաև առաջին կուրսեցիների մուտքը Գորիսի պետական համալսարան, որտեղ նրանց կուղեկցեն ուսումնառության բովանդակալից տարիներն ու կընձեռվեն բացառիկ հնարավորությունները՝ մասնագիտական ոլորտում կայանալու գործում:

Այնուհետև ողջույնի խոսքերով հանդես եկան ԳՊՀ ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, հումանիտար մասնագիտությունների, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանը և Լ. Աթաբեկյանը՝ մաղթելով ուսանողներին հաստատակամություն, նպատակասլացություն և պատասխանատվություն՝ հավաստիացնելով, որ բուհի ընտրության հարցում նրանք  կատարել են ճիշտ ընտրություն:

Տոնի առթիվ համալսարանականներին շնորհավորեցին  նաև ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Հովհաննիսյանը, ԳՊՀ ՈՒԽ նախագահ Կարինե Գրիգորյանը և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը:

Միջոցառման ավարտին ԳՊՀ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ուղեկցեցին առաջին կուրսեցիներին ֆակուլտետներ և գրադարան՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, դասացուցակներին, ընթերցասրահին:

 

 

 

 

Facebook Comments