ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈԻՂՂՎԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԱՍԸՆԹԱՑ

Այսօր ԳՊՀ-ում մեկնարկեց անգլերեն լեզվի իմացության զարգացմանն ուղղված երկարաժամկետ դասընթաց՝ կազմակերպված ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի կողմից: Դասընթացը նախատեսված է ԳՊՀ-ի այն աշխատակիցների և ուսանողների համար, որոնք ընդգրկված են բուհի միջազգային դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի (կարողությունների զարգացում, շարժունության և այլն) աշխատանքային խմբերում։

ԱԿՀԼ բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, ընդգծեց դասընթացի կարևորությունը և կրթական գործընթացներում ու բուհի միջազգայնացմանն ուղղված գործողություններում անգլերեն լեզվի կիրառման անհրաժեշտությունը: Անդրադառնալով դասընթացի մասնակիցների ընտրությանը՝ նա նշեց, որ բաժինը հաշվի է առել ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրումն իրականացնող փորձագիտական խմբի խորհրդատվությունը և լեզվաիմացության զարգացման գործընթացում առաջնորդվել է թիրախավորված մոտեցմամբ՝ գործընթացին մասնակից դարձնելով այն համալսարանականներին, որոնց ներուժը կարելի է օգտագործել ի շահ վերը նշված գործողությունների։

ԱԿՀԼ բաժնի մասնագետ Ս. Ալավերդյանը և դասընթացավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Մ. Գրիգորյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրին դասընթացի իրականացման մանրամասներն ու պայմանները:

Տեղեկացնենք, որ նախքան դասընթացի մեկնարկը, աշխատանքային թիմը անցկացրել է  նախաթեստ՝ պարզելու մասնակիցների՝ անգլերենի իմացության մակարդակը, և ստացված արդյունքների հիման վրա ձևավորվել են երկու խմբեր՝ նախատեսված տարրական և միջին մակարդակի իմացությամբ անձանց համար։

Facebook Comments