ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում ուսանողների համար անցկացվեցին դասընթացներ՝ «Հուզական և սոցիալական ինտելեկտ» և «Կոնֆլիկտների լուծման հմտություններ» թեմաներով։
Դասընթացները վարեցին ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Նազելի Հախվերդյանը և ԱԿՀԼ բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Անահիտ Բաղդասարյանը:
Նախքան դասընթացի մեկնարկը մասնակիցներին ողջունեց ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը։ Նա խոսեց ժամանակակից աշխատաշուկայում փափուկ հմտությունների նշանակության մասին՝ ընդգծելով, որ դրանք վճռորոշ դեր են խաղում մասնագիտական հաջողությունների հասնելու և կայուն առաջընթաց ապահովելու գործընթացում:
«Հուզական և սոցիալական ինտելեկտ» թեմայով դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը հուզական և սոցիալական ինտելեկտի մասին, նպաստել էմպաթիայի ու հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ինչպես նաև տրամադրել գործնական գործիքներ, որոնք կօգնեն այս հմտությունները կիրառելու ուսումնական և աշխատանքային միջավայրում։ Ն. Հախվերդյանը ներկայացրեց հուզական և սոցիալական ինտելեկտի հիմնական բաղադրիչները, անդրադարձավ դրանց միջև եղած սերտ կապին, ինչպես նաև խոսեց հուզական ինտելեկտի կարևորության մասին՝ ընդգծելով դրա դերը հույզերի և սթրեսի արդյունավետ կառավարման, հաղորդակցման բարելավման, բարձր ինքնագնահատականի և ինքնավստահության ձևավորման, կոնֆլիկտների լուծման ու հոգեկան առողջության պահպանման գործում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները լրացրին ինքնագնահատման հարցաշար՝ բացահայտելու հուզական և սոցիալական ինտելեկտի մակարդակը, պարզելու սեփական հմտությունների ուժեղ և թույլ կողմերը։ Նաև քննարկեցին տարբեր իրավիճակներ՝ ուղղված հուզական ինտելեկտի կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը։
«Կոնֆլիկտների լուծման հմտություններ» դասընթացի նպատակն էր վերլուծել կոնֆլիկտների առաջացման պատճառներն ու դինամիկան, տարբերել դրանց կառուցողական և քայքայիչ ձևերը, զարգացնել համագործակցային մտածողություն և խնդիրների համատեղ լուծման հմտություններ, ինչպես նաև խթանել արդյունավետ հաղորդակցություն և ակտիվ լսում՝ որպես կոնֆլիկտների կառավարման և կանխարգելման հիմնական գործիքներ։
Դասընթացի ընթացքում Ա. Բաղդասարյանը ներկայացրեց կոնֆլիկտների տեսական հիմքերը՝ անդրադառնալով Դանիել Կատցի տեսությանը, կոնֆլիկտների տեսակներին և մակարդակներին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կոնֆլիկտը դիտարկելու տարբեր տեսանկյուններից՝ ընդգծելով փոխըմբռնման դերը տարաձայնությունների հաղթահարման գործում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև Թոմաս Քիլմանի մոդելին՝ ուսումնասիրելով կոնֆլիկտային վարքի հինգ հիմնական ոճերը։ Մասնակիցները վերլուծեցին իրենց անձնական վարքային նախընտրությունները՝ քննարկելով, թե որ ոճն է առավել բնորոշ իրենց, որ իրավիճակներում է այն նպաստում կոնֆլիկտի հաղթահարմանը և երբ կարող է խոչընդոտել արդյունավետ հաղորդակցությանը։
Գործնական հատվածում ներկայացվեցին ուսանողների կողմից մշակված կոնֆլիկտային իրավիճակներ, որոնց զարգացումները տարբեր էին․ մի դեպքում դրանք հանգեցին կառուցողական լուծման, իսկ մյուսում՝ «քայքայիչ» հետևանքի։


















