ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում տեղի ունեցան դասընթացներ՝ «Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ» և «Ստեղծագործական մտածելակերպ և խնդիրներ լուծելու հմտություններ» թեմաներով։
Դասընթացները վարեցին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը և ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գ. թ. Սյուզաննա Պետրոսյանը:
«Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ» թեմայով դասընթացը ուղղված էր մասնակիցների՝ առաջնահերթություններ սահմանելու և հիմնավորված որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը: Ուսանողները կատարեցին նախաթեստ՝ պարզելու, թե որքանով են տիրապետում առաջնահերթություններ սահմանելու, ժամանակը արդյունավետ կառավարելու և որոշումներ կայացնելու հմտություններին։ Քննարկվեցին այն կարևոր գործոնները, որոնք նպաստում են առաջնահերթությունների սահմանմանը։ Մասնակիցները ծանոթացան նպատակների ձևակերպման գործիքներից մեկին՝ «SMART» սկզբունքին, որի համաձայն նպատակները պետք է լինեն կոնկրետ, չափելի, հասանելի, իրական և ժամանակային սահմանումներով: Քննարկվեց ամենօրյա պլանավորման կարևորությունը՝ որպես ժամանակը արդյունավետ կառավարելու հիմնական միջոց։ Ս. Պետրոսյանն անդրադարձավ Էյզենհաուերի մատրիցային, որը հնարավորություն է տալիս գործերը դասակարգել ըստ կարևորության, արդյունավետորեն կառավարել ժամանակը՝ կենտրոնանալով առաջնահերթությունների վրա։
Դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթացան որոշում կայացնելու երեք հիմնական մոտեցումներին՝ ինտուիտիվ, դատողական, ռացիոնալ, և մանրամասն ուսումնասիրեցին ռացիոնալ որոշման կայացման փուլերը՝ սկսած խնդրի ձևակերպումից մինչև արդյունքների գնահատում։
Ն. Սաֆարյանի դասընթացը մեկնարկեց ստեղծարար մտածողության գնահատմամբ. ուսանողներին ներկայացվեցին ոչ ավարտուն նկարներ, որոնք նրանք պետք է ստեղծագործաբար ավարտեին՝ ցույց տալով իրենց ստեղծագործական կարողությունները: Թեստից հետո ներկայացվեցին ավանդական և ստեղծարար մտածողության միջև եղած տարբերությունները։ Քննարկվեց, թե ինչպես է ստեղծարար մտածողությունը նպաստում նոր գաղափարների առաջացմանն ու խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մասնակիցները ծանոթացան մի շարք մեթոդների, որոնք նպաստում են ստեղծագործ մտածելակերպի ձևավորմանը: Մասնավորապես քննարկվեց «TRIZ» մեթոդաբանությունը, որը հիմնված է գյուտարարական խնդիրների համակարգված վերլուծության և դրանց արդյունավետ լուծման մեթոդների վրա: Անդրադարձ կատարվեց խնդիրների լուծման փուլերին, խնդիրները ստեղծարար մեթոդներով լուծելու կարևորությանը: Գործնական մասում մասնակիցները կիրառեցին Էդվարդ դե Բոնոյի «Վեց գլխարկների մտածողության» մեթոդը՝ նույն խնդրի լուծմանը մոտենալով տարբեր տեսանկյուններից։
Դասընթացների ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում: