ԳՊՀ–ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԻԽԱՅԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր ԳՊՀ-ում բացվեց գորիսեցի ճանաչված գեղանկարիչ, քանդակագործ Միխայել Ղուկասյանի «Իմ հնամյա», չքնաղ եզերք» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 55-ամյակին: Ցուցահանդեսին ներկա էին ԳՊՀ–ի դասախոսները, ուսանողները, Գորիսի մտավորական ընտրանու ներկայացուցիչները, դպրոցների, քոլեջների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ, բազմաթիվ արվեստասերներ:

Ցուցահանդեսի գեղարվեստական մասը կազմակերպել էր ուսանողական խորհուրդը՝ ՈՒԽ նախագահ Գուրգեն Հարությունյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսը բացվեց Գորիսի «Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաների գեղեցիկ ելույթով, ապա ասմունքով ու երաժշտական կատարումներով հանդես եկան ուսանողները:

Իր անհատական ցուցահանդեսի կազմակերպման նպատակի, խորագրի, կտավների ստեղծման շարժառիթների, թեմատիկ ուղղվածության մասին խոսեց հեղինակը՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը՝ իր աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու և նման գեղեցիկ ցուցահանդես կազմակերպելու հնարավորության համար: «Ինձ համար մեծ պատիվ է գեղանկարների տեսքով ներկայացնել մեր հայրենի եզերքը՝ Գորիսը, նրա հմայքն ու հարստությունները, վերակոչել ու վերաիմաստավորել մշակութային ավանդույթները և փոխանցել այն սերունդներին»,–նշեց նա:

Ցուցահանդեսի բացման առթիվ գեղանկարչին շնորհավորեցին և նրա արվեստի առանձնահատկությունների մասին դրվատական խոսք ասացին գործընկերները՝ Ժիրայր Մարտիրոսյանը, Նվարդ Բալասանյանը, Սիլվա Ասատրյանը, ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյանը, բանաստեղծ Լևոն Սահակյանը, Բակունցի տուն–թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը, արվեստագետներն ու արվեստասերները: Նրանք շատ բարձր գնահատեցին բազմաթիվ նշանավոր դիմաքանդակների հեղինակ Միխայել Ղուկասյանի ավանդը նախ՝ քանդակագործության, ապա և՝ գեղանկարչության մեջ, որը նոր, ուշագրավ գունագծերով է ներկայանում և հաճելիորեն զարմացնում լսարանին:

Միխայել Ղուկասյանը դասավանդում է նաև Գորիսի պետական համալսարանում, և իր ստեղծագործական փորձը անմնացորդ նվիրումով փոխանցում է իր ուսանողներին, որոնք նույնպես շնորհավորանքի ու շնորհակալության խոսք ասացին սիրելի դասախոսին:

ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը, ամփոփելով միջոցառումը, շնորհակալություն հայտնեց Միխայել Ղուկասյանին ստեղծագործ ա՛յն աշխատանքի համար, որը ոչ միայն հարստացնում է Սյունյաց գանձարանը, այլև որպես օրինակ ու փորձ փոխանցվում է իր շնորհալի սաներին, որոնք պետք է կենսունակ պահեն մաքուր, գունեղ ու հմայիչ այդ աշխարհի երակը: Նա նոր ստեղծագործական խիզախումներ մաղթեց կոչված արվեստագետին և Գորիսի պետական համալսարանի կողմից նրան հանձնեց շնորհակալագիր՝ ԳՊՀ–ի 55–ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Նշենք, որ հանրության համար Միխայել Ղուկասյանի ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը:

Facebook Comments