ԳՊՀ ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆՏՐՎԵԼ Է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
2015 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը 2021թ.-ից ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է նաև Գորիս քաղաքում:
Ծրագրի նպատակն է սովորողների շրջանում ձևավորել նվազագույն ֆինանսական գիտելիքներ, հմտություններ և վերաբերմունք՝ խթանելու պատասխանատու որոշումների կայացմանը: Ծրագիրն ուսուցանվում է տարրական, միջին և ավագ դասարաններում. 1-4-րդ դասարանցիները ծրագրին ծանոթանում են «Ես և շրջակա աշխարհը» առարկայից, իսկ 5-11-րդ դասարանցիները՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաներից:
2021 թ. նոյեմբերի 1-30 -ը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում ծրագրի շրջանակում անցկացվեցին անկետավորման աշխատանքներ: Անկետավորողները մասնակցել են համապատասխան դասընթացների, հանձնել քննություններ, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած երիտասարդներն անցել են աշխատանքի՝ դառնալով մարզի անկետավորման պատասխանատուներ:
Սյունիքի մարզից «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին մասնակցել և մարզի պատասխանատու է ընտրվել Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գուրգեն Հարությունյանը, որը ս.թ. նոյեմբերի 15-26-ը մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ և թիվ 6 հիմնական դպրոցների անկետավորման գործընթացներին:
ԳՊՀ ղեկավարությունը և ուսանողությունը շնորհավորում են ԳՊՀ ՈՒԽ նախագահ Գ.Հարությունյանին նման կարևոր հաջողության համար, մաղթում արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ կրթության ոլորտի բարեփոխումների և զարգացման: