ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆ-ՌՈՆ-ԱԼՊ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի տեղակալ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին, փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին, Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ քույր քաղաքների համագործակցության ցանցի համակարգող Անի Խաչատուրյանին:
Հյուրերին ընդունեցին և համալսարանի ստեղծման, գործունեության, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցության, փորձի փոխանակման կարևորության մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրին ԳՊՀ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել կրթական համագործակցության հնարավորությունները և ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացվելիք նախաձեռնությունները, որոնք իրականացվելու են Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանների միջև համագործակցության հուշագրի շրջանակում։
Նշվեց, որ Սյունիքից մի շարք ուսանողներ արդեն հնարավորություն են ունեցել մասնագիտական պրակտիկան անցկացնելու Ֆրանսիայի տարբեր կազմակերպություններում, և նրանց բոլոր ծախսերը հոգացել է ֆրանսիական կողմը։ Ծրագրով նախատեսվում է ընդլայնել ֆրանսախոս ուսանողների մասնակցությունը՝ այս անգամ հնարավորություն ընձեռելով ԳՊՀ ուսանողներին՝ մասնագիտական պրակտիկան անցկացնելու Ֆրանսիայում։ Համագործակցության գլխավոր նպատակը Սյունիքի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ամրապնդումն է, ծրագրերի բազմազանեցումը և այնպիսի փորձի փոխանակումը, որը կծառայի Գորիս համայնքի և Սյունիքի մարզի զարգացմանը:
Ընդգծվեց այն փաստը, որ այս հնարավորությունը կարող է լրացուցիչ խթան դառնալ ապագա դիմորդների համար՝ ընտրելու Գորիսի պետական համալսարանը:
Կարևորելով ԳՊՀ-ի համագործակցության պատրաստակամությունը և միջազգային համագործակցության դերը բարձրագույն կրթության զարգացման գործընթացում՝ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու կրթական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները: