ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆ-ՌՈՆ-ԱԼՊ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի տեղակալ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին, փոխքաղաքապետեր Լևոն Սաքունցին և Ալեքսանդրա Դերուազին, Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի քույր քաղաքների համագործակցության ցանցի համակարգող Անի Խաչատուրյանին, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս, Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տնօրեն Կարմեն Ափունցին:
Հյուրերին ընդունեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը։
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, նշեց, որ բուհը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական համագործակցությունը և կարևորում Գորիս–Վիեն քույր քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները: Նա շեշտեց, որ համալսարանը բաց է համագործակցությունների համար և պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գաղափար, որը կնպաստի բուհի հեղինակության բարձրացմանը, կրթության որակի ապահովմանը և միջազգային կապերի ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, գործունեության, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության մասին:
Նշվեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում համալսարանում ամեն տարի անցկացվում են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ուղղված ֆրանսախոսության տարածմանն ու խրախուսմանը:
Խոսելով համալսարանի զարգացման հեռանկարների մասին՝ ռեկտորը նշեց, որ բուհն անընդհատ արձագանքում է ժամանակի պահանջներին, ինչի վառ ապացույցը կրթական ծրագրերի շարունակական արդիականացումն է։ Մասնավորապես, 2027-2028 ուսումնական տարվանից համալսարանում ընդունելություն կիրականացվի նաև «Անգլերեն, ֆրանսերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրով։ Այս քայլով համալսարանը նպատակ ունի խթանել և զարգացնել ֆրանսերենի դասավանդումը տարածաշրջանի դպրոցներում, ինչպես նաև նպաստել որակյալ ուսուցիչների պատրաստմանը։
Անդրադառնալով համագործակցության առաջին արդյունքներին՝ Տիգրան Վանդունցը նշեց, որ «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկը Առուստամյանը ներկայումս իր մասնագիտական պրակտիկան անցկացնում է Ֆրանսիայում։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի և նման հնարավորություններից կօգտվեն նաև մյուս ուսանողները։ Ռեկտորը կարևորեց նաև ֆրանսերեն լեզվի իմացությունը՝ նշելով, որ Աստղիկի օրինակը կարող է խթանել ուսանողների հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ և նրանց մղել ավելի խորությամբ ուսումնասիրելու լեզուն։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ համագործակցության գլխավոր նպատակը Սյունիքի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ամրապնդումն է, ծրագրերի բազմազանեցումը և այնպիսի փորձի փոխանակումը, որը կծառայի Գորիս համայնքի և Սյունիքի մարզի զարգացմանը։ Նշվեց նաև, որ այս հնարավորությունները կարող են լրացուցիչ խթան դառնալ ապագա դիմորդների համար՝ ընտրելու Գորիսի պետական համալսարանը։
Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներկայացուցիչներն առանձնացրին համատեղ նախաձեռնությունների իրականացման, փոխանակման ծրագրերի հեռանկարներն ու հավանականությունները։











