ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԶԱԼՑԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏԻՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում հյուրընկալեց Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին:
Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին և անդրադարձավ հայագիտության ոլորտում կատարվող գիտական ուսումնասիրությունների կարևորությանը՝ հիմնվելով ազգային ժառանգության և պատմական փորձի վրա:
Հանդիպմանը Յ. Դում-Թրագուտը ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի գործունեությունը հայագիտության ոլորտում, ինչպես նաև Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը: Այնուհետև քննարկման միջոցով խոսվեց հայոց լեզվի, քրիստոնեական ավանդույթների և բժշկագիտական ձեռագրերի մասին:
Նշենք, որ առաջիկա եռօրյա հանդիպումներին պրոֆեսոր Յ. Դում-Թրագուտը կանդրադառնա «Սյունիքից հայ ռազմագերիները՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրո-հունգարական ճամբարներում», «17-րդ դարի Սյունիքի կուսանոցները», «Սյունիքի լքված գյուղերը» թեմաներին, կկազմակերպվի քննարկում հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեությունների վերաբերյալ: