ԳՊՀ–Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (FAST) ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Գորիսի պետական համալսարանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր SciNova ծրագրի իրականացման մասին:
Համաձայնագիրը ստորագրել են Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը և FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Կողմերի միջև համագործակցության նպատակն է աջակցել և նպաստել «Մաթեմատիկա» և «Կենսաբանություն» մասնագիտությունների մագիստրոսական կրթական ծրագրերում «Գիտահետազոտության մեթոդաբանություն» և/կամ «Գիտական նորարարությունների առևտրայնացում» դասընթացների ինտեգրման գործընթացին՝ ելնելով Գորիսի պետական համալսարանի կարիքներից:
Համագործակցության գործնական բաղադրիչը մեկնարկել է: Սկսած ապրիլի 23-ից Գորիսի պետական համալսարանից վերապատրաստվում են 2 աշխատակիցներ՝ ԳՊՀ-ի գիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա. Դինունցը և Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Շ. Շալունցը: Ընդհանուր առմամբ վերապատրաստմանը մասնակցում են Երևանի ու մարզերի բնագիտամաթեմատիկական ուղղվածության շուրջ 15 համալսարանների 60 դասախոսներ: Վերապատրաստման ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները.
- «Հետազոտության մեթոդաբանություն»,
- «Գիտության առևտրայնացում»
- «Ուսանողակենտրոն ուսուցման մեթոդիկա»։
Նպատակն է օժանդակել դասախոսներին, որպեսզի վերջիններս «Հետազոտության մեթոդաբանություն» և/կամ «Գիտության առևտրայնացում» դասընթացների դասավանդումը մագիստրատուրայում իրականացնեն նորացված մեթոդներով և հետագայում կազմակերպեն համալսարանի դասախոսական կազմի վերապատրաստումներ:
Դասախոսների վերապատրաստումները կավարտվեն մայիսի 7-ին:
Հիշեցնենք, որ SciNova ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» նախաձեռնության շրջանակում: Դասընթացի և ուսումնաօժանդակ նյութերի մշակման հիմնական գործընկերը Մեծ Բրիտանիայի Ասթոն (Aston) համալսարանն է՝ որպես տեխնոլոգիայի փոխանցման և բիզնեսի ինկուբացիոն գործընթացների ոլորտում մեծ փորձ ունեցող միջազգային կառույց: