ԳՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ Կարեն Հովհաննեսյանի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդի հերթական նիստն այսօր չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով: Նիստին ներկա էին խորհրդի 24 անդամներից 11-ը: Խորհրդի նիստին չներկայացած անդամներից մի քանիսն անհամաձայնություն էին հայտնել օրակարգային որոշ հարցերի վերաբերյալ` ենթադրելով, որ դրանք խորհրդի իրավասությունների շրջանակից դուրս են:
Ողջունելով ներկաներին, որոնք հիմնականում ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմից առաջադրված անդամներն էին, Կ.Հովհաննեսյանը հայտարարեց, որ խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը, հետևաբար նիստը համարվեց ոչ իրավազոր:
Կ.Հովհաննեսյանը խորհրդի նիստին ներկա անդամների հետ ոչ պաշտոնական քննարկում ունեցավ նիստի օրակարգային հարցերի շուրջ:
Ի դեպ, նշենք, որ երկրորդ անգամ է, ինչ ԳՊՀ-ի խորհրդի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդի նիստը չի կայանում քվեակազմի բացակայության պատճառով: Նախորդ նիստը հրավիրված էր ս.թ. սեպտեմբերի 30-ին և դարձյալ համարվեց ոչ իրավազոր:
ԳՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին