ԳՊՀ-Ի ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ս.թ. փետրվարի 27-ին Գորիսի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Տիգրան Վանդունցի և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Ռուստամ Սահակյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հուշագրի նպատակը երկու հաստատությունների միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է մի քանի հիմնական ուղղություններով:
ԳՊՀ-ի և ՎՊՀ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝ տրամադրել իրականացվող կրթական ծրագրերի մասին տեղեկություններ, գիտակրթական և մեթոդական գրականության ու մասնագիտական զարգացմանը նպաստող էլեկտրոնային աղբյուրներ, քննարկել և կազմակերպել համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները, իրականացնել առարկայական ծրագրերի, կրթական ծրագրերի համեմատական վերլուծություններ, սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունություն՝ փոխանակման և ֆինանսավորման պայմանների նախապես հաստատմամբ, կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրեր, ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում, գիտական աշխատությունների, դասագրքերի, ուսումնական նյութերի, ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և խմբագրում, մշակել կրթական ծրագրեր կամ առանձին դասընթացներ՝ սովորողների համար հնարավորություններ ստեղծելով կրթություն ստանալու նաև հեռավար ուսուցման միջոցով, կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, բանավեճեր, հանրապետական և միջազգային գիտաժողովներ, փոխադարձ պրակտիկաներ, կատարել գիտահետազոտական համատեղ ծրագրեր, հրատարակել ՎՊՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ժողովածուներում ուսումնագիտական համատեղ հետազոտությունների արդյունքները, ներգրավել մյուս կողմին արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում, մասնակցել կողմերի իրականացրած կրթական, գիտական, մշակութային այլ ծրագրերին, միջոցառումներին: