ԳՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՐՄԻՆԵ ՋԱՆՈՒՆՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

«Էրազմուս+» ծրագրի «Հիմնական գործողություն 2»-ի շրջանակում 2026 թվականի ապրիլի 20-24-ը ԳՊՀ-ի որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ Արմինե Ջանունցը Գրանադայի համալսարանում մասնակցել է աշխատակիցների շարժունության շաբաթվա (Staff Mobility Week) շրջանակում կազմակերպված մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Էրազմուս+» ծրագրերի ընդհանուր դրույթներին, հիմնական ուղղություններին, իրավասության կանոններին, ծրագրային առաջարկների մշակման և ներկայացման մեթոդաբանությանը, ինչպես նաև նպատակների, գործողությունների, ակնկալվող արդյունքների և որակի ապահովման ցուցիչների սահմանման սկզբունքներին։ Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բյուջեի կառավարման հմտություններին։ Կոնսորցիումային հանդիպումների ժամանակ քննարկվել են տարբեր երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու Գրանադայի մշակութային վայրերին, ինչպես նաև համալսարանի պատմությանն ու կառուցվածքին։

Առաջին օրը ողջույնի խոսքով հանդես է եկել համալսարանի պրոռեկտորը՝ մասնակիցներին մաղթելով աշխատանքային արդյունավետ և բովանդակալից օրեր։ Այնուհետև համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչը ներկայացրել է Գրանադայի համալսարանը և աշխատակիցների շարժունության նախորդ փորձառությունները։ Դրանից հետո տարբեր երկրների մասնակիցները ներկայացրել են իրենց համալսարանները, ծանոթացել իսպանական մշակույթին և մասնակցել խմբային հետաքրքիր աշխատանքի՝ ձեռք բերելով Իսպանիայում մեկ շաբաթ անցկացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։

Երկրորդ օրը ներկայացվել են «Էրազմուս+» ծրագրի ընդհանուր դրույթները, ծրագրերին դիմելու կարգը, տարբեր տարածաշրջանների համար առաջնահերթ ուղղությունները, ազդեցության մակարդակները (Strands 1, 2, 3), անդամ և գործընկեր երկրները, 2021-2027 թթ. համար նախատեսված բյուջեն, ինչպես նաև ԵՄ-ի «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը։ Այնուհետև մանրամասն տեղեկություն է հաղորդվել «Հիմնական գործողություն 2»-ի վերաբերյալ։

Երրորդ օրը քննարկվել են ծրագրային առաջարկների մշակման փաթեթները, գործողությունների պլանը, տրամաբանական շրջանակը, հիմնավորումները, խնդիրների և նպատակների ձևակերպման սկզբունքները։ Խմբային աշխատանքի միջոցով մասնակիցները մշակել են ծրագրային առաջարկի հիմնավորում՝ հիմնվելով ԵՄ-ի առաջնահերթությունների վրա։

Հաջորդ օրը ուշադրության կենտրոնում էին ծրագրային առաջարկի բյուջեի ներկայացման տեխնիկան, համագործակցության առաջարկների վերաբերյալ ուղարկվող դրական և բացասական գնահատականներով նամակների օրինակները, գործընկերներ գտնելու ցանցերի կիրառման հնարավորությունները, հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև արդեն գրանցված արդյունքների տարածման և փոխանակման կարևորությունը։

Վերջին օրը մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և ստացել մասնակցության վկայականներ։

 

 

Facebook Comments