ԳՊՀ – Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով՝ 2022 թ․ հունիսի 6-10-ը ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս, Արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը և նույն բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանը Սևիլիայի համալսարանում մասնակցեցին համալսարանների միջազգային համագործակցության հարցերով զբաղվող աշխատակիցների համար նախատեսված դասընթացին: Վերապատրաստումը, որին ներկա էին 11 երկրներից 60 պատվիրակներ,  ուղղված էր մասնակից բուհերի միջազգայնացման ընթացակարգերի ներկայացմանը, լավագույն փորձի փոխանակմանը, միջազգային շարժունության կազմակերպմանը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Սևիլիայի համալսարանի միջազգային կենտրոնի ղեկավար Ռոզարիո Ասիան Չավեսը և Ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Անդրես Լյուկե Տերուելը Արոզան, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց համալսարանները՝ անդրադառնալով կառուցվածքին, կրթական ծրագրերին, ուսուցման համակարգին: Հանդիպման առաջին օրվա ավարտին հյուրերը շրջեցին Սևիլիայի համալսարանի ռեկտորատում՝ ծանոթանալով բուհի պատմությանը: Դասընթացի երկրորդ և երրորդ օրերին տեղի ունեցան հանդիպումներ հյուրընկալող համալսարանի տարբեր ֆակուլտետների միջազգային կապերի մասնագետների հետ, նրանց հետ միջազգայնացման գործընթացի վերաբերյալ քննարկումների, ինչպես նաև ներգնա ու արտագնա ուսանողների շարժունության ծրագրերի պատշաճ կազմակերպման համար:
Հատկանշական էին չորրորդ օրվա այցելությունները Սևիլիայի համալսարանի տարբեր մասնաշենքեր՝ Մշակութային նախաձեռնության, Համալսարանական համայնքի աջակցման ծառայության կենտրոններ, մարզաշենք և գրադարան:
Դասընթացի վերջին՝ հինգերորդ օրն ամփոփվեցին մեկշաբաթյա վերապատրաստման արդյունքները,  մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։
Սևիլիայի համալսարանում կազմակերպված դասընթացի արդյունքում   ամրապնդվեց երկու համալսարանների միջև կապը,   ինչպես նաև ձեռք բերվեցին նոր ծանոթություններ և համագործակցության պայմանավորվածություններ:

Facebook Comments