ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՂԹՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Գորիսի պետական համալսարանի դասախոսների հեղինակած նորարարական գիտական նախագիծը ճանաչվել է հաղթող ծրագիր հեղինակավոր Համահայկական միջազգային բժշկական կոնգրեսում (AMWC): Շարունակելով երջանկահիշատակ, մեծանուն քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Լևոնի Վարդանյանի հիմնած Ֆիզիկական քիմիայի լաբորատորիայի լավագույն ավանդույթները՝ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզաննա Արսենի Հայրապետյանը և քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ Լուիզա Ռազմիկի Վարդանյանը մշակել էին նախագիծ, որը ներկայացվել էր կոնգրեսին՝ այլ նորարարական առաջարկների թվում, որպես մի ծրագիր, որ կարող է կարևոր ազդեցություն ունենալ Հայաստանի առողջապահության համակարգի վրա: Նախագծի ներկայացմանն իր անգնահատելի դերն ունի Մարիամ Վահեի Տատինցյանը, որը նաև Գորիսի պետական համալսարանում «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների համար կարդացել է մի շարք դասախոսություններ:
AMWC կոնգրեսը, որը մոտ հիսուն տարվա պատմություն ունի, այս տարի տեղի կունենա Իսպանիայի Մադրիդ քաղաքում՝ Մադրիդի հնագույն Կոմպլուտենսե համալսարանում, հուլիսի 3-ից հուլիսի 5-ը:
Գիտաժողովի շրջանակներում հայտարարվել էր Հայաստանի առողջապահության ոլորտում ռազմավարական կարևորություն ունեցող ծրագրերի մրցույթ: Դոցենտներ Հայրապետյանի և Վարդանյանի ներկայացրած նորարարական նախագիծը վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզում աճող դեղաբույսերի հիման վրա բերանի խոռոչի համար նախատեսված սփրեյների արտադրությանը, որի ունիկալ բանաձևի հեղինակային իրավունքը բացառապես պատկանում է Ս. Հայրապետյանին և Լ. Վարդանյանին:
Այս յուրահատուկ նախագիծը հաջողությամբ անցել է նախնական ընտրության փուլը և մտել եզրափակիչ փուլ: Գնահատելով ներկայացված ծրագրերը՝ միջազգային փորձագետներից կազմված հանձնախումբը ընտրել է չորս լավագույն առաջարկները, որոնց թվում է նաև այս նորարարական սփրեյների արտադրության նախագիծը:
Գիտաժողովի կազմակերպիչները կներկայացնեն այս ծրագիրը միջազգային ներդրումային խմբերին, գիտաժողովի ավելի քան 700 մասնակիցներին՝ ստեղծելով բացառիկ հնարավորություն միջազգային համագործակցության և հնարավոր ներդրումների համար:
Այս ձեռքբերումը վկայում է Գորիսի պետական համալսարանի աշխատակիցների նվիրումի մասին՝ նպաստելով ինչպես գիտական առաջընթացին, այնպես էլ Հայաստանի առողջապահության զարգացմանը:
Հավելենք նաև, որ կոնգրեսի շրջանակներում ներկայացվելու է նաև Ս. Հայրապետյանի ”BIOACCUMULATION OF MACRO AND MICROELEMENTS IN ENDEMIC MEDICINAL PLANTS OF SOUTHERN ARMENIA” վերտառությամբ զեկույցը:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ: