ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը:
Նիստն անցկացվեց հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց):
Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2023-2024 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունն էր, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2025 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում փոփոխություններ կատարելու և ԳՊՀ-ի 2025-2029թթ. զարգացման ռազմավարական ծրագրի հաստատման մասին հարցերը:
ԳՊՀ–ի 2023–2024 ուստարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Ըստ բուհի առանցքային գործառույթների՝ ռեկտորը մանրամասն ներկայացրեց համալսարանի տարեկան գործունեության արդյունքները կրթական, գիտական, միջազգային համագործակցության, արտաքին կապերի և լրատվության, որակի գնահատման և ապահովման, շարունակական կրթության և կարիերայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրադարանային աշխատանքի, ուսանողական կառույցների, ֆինանսատնտեսական ոլորտներով:
«Հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներ են կատարվել համալսարանի կառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության ապահովման, ուսումնական գործընթացի բարելավման, մասնագիտական կողմնորոշման նպատակային և համակարգված աշխատանքների իրականացման, ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպման, տեղական և միջազգային գործընկերների նոր համագործակցությունների ձեռքբերման և այլ ուղղություններով: Կրթության որակի ապահովման նկատառումներից ելնելով՝ համալսարանը հաշվետու տարում առաջնորդվել է գործունեության թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության, հասանելիության սկզբունքների շարունակականության ապահովմամբ, բուհի ներքին և արտաքին շահակիցների ակտիվ ներգործությամբ՝ ձևավորելով համագործակցային միջավայր»,- նշեց ռեկտորը:
Հարցերից ու առաջարկներից հետո խորհրդի անդամները դրական գնահատեցին ԳՊՀ ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը:
Խորհրդի նիստում քննարկումներից հետո հաստատվեցին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2025 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի փոփոխված, ԳՊՀ-ի 2025-2029թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագծերը:
Նիստի ավարտին ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանին՝ կրթության զարգացման գործում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքների համար: