ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրությունն էր և Գորիսի պետական համալսարանի 2022թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկումն ու հաստատումը: Նիստը անցկացվեց հիբրիդային ձևաչափով, որին առկա և առցանց/հեռավար մասնակցությամբ ներկա էին խորհրդի բոլոր անդամները:
Կանոնադրական փոփոխությունների համաձայն՝ տարեվերջին հաստատվել էր նաև «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 20 անդամից՝ համապատասխանաբար առաջադրված Հիմնադրի անունից, Լիազոր մարմնի կողմից, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական համակազմի ընտրված ներկայացուցիչներից:
Նիստը բացեց ԳՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, ով ռեկտորի ժամանակավոր պարտականությունները կատարում է 2021թ. դեկտեմբերի 21-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախկին ռեկտորի՝ ֆիզմաթ.գ.դ., պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու և այլ աշխատանքի անցնելու արդյունքում: Մարությանը շնորհավորեց ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց նրանց՝ ի շահ բուհի առաջանցիկ ու կայուն զարգացման: Նշելով արտահերթ նիստի հրավիրման կանոնադրական հիմքերը՝ բուհի բնականոն գործունեության համար հրատապ հարցերի քննարկման օրակարգով, պաշտոնակատարը առաջարկեց խորհրդի կազմի ավագ անդամին՝ ԳՊՀ երկարամյա դասախոս Լարիսա Իվանյանին՝ հանձն առնելու նիստի սկզբնամասի նախագահումը՝ օրակարգի առաջին հարցի քննարկման համար: Լարիսա Իվանյանը, ստանձնելով նիստի նախագահումը, ներկաներին առաջարկեց սահմանված ընթացակարգով խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը որպես խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց այժմ արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանի թեկնածությունը: Առաջադրման վերաբերյալ ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Լիանա Օհանյանը, Նաիրա Սաֆարյանը, Լարիսա Իվանյանը, ուսանողները, որոնք բարձր գնահատեցին Ա.Ղուկասյանի դերը համալսարանի վերջին հնգամյակի զարգացման գործում, ինչի վկայությունը բուհի բազմաթիվ ձեռքբերումներն են, բարեփոխումները ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ինստիտուցիոնալ հավատարմագրումը 4 տարի ժամկետով: Նախագահի թեկնածուի ընտրության հարցը դրվեց փակ (գաղտնի) քվեարկության (նաև առցանց մասնակցողների համար՝ համապատասխան ձևաչափով): Ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով: Քվեարկության արդյունքներով (19 կողմ) Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:
Ստանձնելով նիստի նախագահումը՝ Արտուշ Ղուկասյանը առաջարկեց ընտրել խորհրդի քարտուղար: Բաց քվեարկութամբ խորհրդի քարտուղար ընտրվեց ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լիանա Օհանյանը:
Խորհրդի ղեկավար կազմի ընտրությունից հետո օրապահանջ հայտարարությամբ հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար Թ.Մարությանը, ով ավելի վաղ, լինելով ԳՊՀ-ի ուս.աշխատանքների գծով պրոռեկտոր, առաջադրվել էր որպես խորհրդի անդամ: Նա նշեց, որ դադարեցնում է խորհրդի անդամի լիազորությունները և սահմանված կարգով դիմում կներկայացնի նախագահին, քանի որ կատարելով ռեկտորի պաշտոնակատարի ժամանակավոր պարտականությունները, չի կարող լինել խորհրդի անդամ: Հայտարարությունն ընդունվեց ի գիտություն:
Խորհրդի նորընտիր նախագահ Ա.Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին վստահության համար, անցավ օրակարգի երկրորդ հարցի՝ ԳՊՀ-ի 2022թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկմանը: Զեկուցեց գլխավոր հաշվապահ Ռուզաննա Թապտուղյանը: Նա մանրամասն անդրադարձավ համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ոլորտներին, առկա խնդիրներին, ակնկալիքներին, ռիսկերի կառավարման օպտիմալ մեխանիզմներին, որոնց արդյունավետ իրականացումը ընթացիկ տարում նպաստել է ԳՊՀ-ի ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ բուհի ռազմավարական նպատակներին համապատասխան, և բյուջեի պլանավորման գործընթացը ունի շարունակական բարելավման միտում:
Հարցադրումների և առաջարկությունների քննարկումից հետո խորհրդի անդամները միաձայն հաստատեցին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2022 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը:
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: Խորհրդի նախագահը առաջարկեց լրամշակել խորհդրի աշխատակարգը և նախագիծը քննարկման դնել հաջորդ նիստին: