ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Նոյեմբերի 15-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական պլանների հաստատմանը, ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի, ուսումնական մասի 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվություններին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգային հիմնական հարցերի քննարկման արդյունքում հաստատվեցին մագիստրոսական մի շարք կրթական ծրագրերի ուսումնական պլանները՝ նոր խմբագրությամբ, ընդունվեցին և դրական գնահատվեցին ԳՊՀ կառուցվածքային երկու ստորաբաժանումների՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունները:
Գիտական խորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարցեր: Քննարկումների արդյունքում հաստատվեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացվելիք՝ ԳՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության նախնական տեղերի հայտը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի (հայտը ձևավորելիս հիմք ընդունվեցին վերջին տարիների տարբեր վերլուծական ցուցանիշներ), նոր խմբագրությամբ հաստատվեց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կարգը, փոփոխություն կատարվեց գիտական խորհրդի թվակազմում, ընդունվեց նոր որոշում ուսանողների բացակայությունների վերաբերյալ: