ԳՈՒՄԱՐՎԵՏ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հունիսի 19-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, ԳՊՀ-ում 2026 թվականի մայիսի 26-27-ին կազմակերպված «Խոցելիությունից դեպի հարմարվողականություն. կայուն զբոսաշրջությունը՝ որպես տարածքային դիմակայության լծակ (էկոտուրիզմ, գեոտուրիզմ, պատասխանատու տուրիզմ)» խորագրով միջգիտակարգային միջազգային գիտաժողովի արդյունքներին, ԳՊՀ-ում 2026 թվականի հունիսի 29-30-ին կայանալիք «Սյունիքը՝ կրթական ու գիտական մտքի խաչմերուկ» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ԳՊՀ բակալավրի կրթական ծրագրով (առկա ուսուցում) 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության դիմորդների հոսքին, ինչպես նաև ընդունելության ներբուհական քննությունների նախապատրաստական աշխատանքներին, ԳՊՀ մագիստրոսի կրթական ծրագրով (հեռակա ուսուցում) 2026-2027 ուստարվա ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելուն և ընթացիկ այլ հարցերին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ԳՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումների արդյունքներին անդրադարձան ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանը և Լ. Աթաբեկյանը:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում գիտաժողովի պատասխանատու քարտուղար  Լ. Վարդանյանը գիտական խորհրդին տեղեկատվություն ներկայացրեց մայիսի 26-27-ին կայացած «Խոցելիությունից դեպի հարմարվողականություն. կայուն զբոսաշրջությունը՝ որպես տարածքային դիմակայության լծակ (էկոտուրիզմ, գեոտուրիզմ, պատասխանատու տուրիզմ)» խորագրով միջգիտակարգային միջազգային գիտաժողովի արդյունքների մասին:

Երրորդ հարցի շրջանակում ՈՒԳԳԿ բաժնի վարիչ Գ. Շաբունցը տեղեկություններ ներկայացրեց ԳՊՀ-ում 2026 թվականի հունիսի 29-30-ին կայանալիք «Սյունիքը՝ կրթական ու գիտական մտքի խաչմերուկ» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Չորրորդ հարցի շրջանակում Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանը անդրադարձավ ԳՊՀ բակալավրի կրթական ծրագրով (առկա ուսուցում) 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության դիմորդների հոսքին, ինչպես նաև ընդունելության ներբուհական քննությունների նախապատրաստական աշխատանքներին:

Հինգերորդ հարցի քննարկման արդյունքում գիտխորհուրդը հաստատեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացվելիք՝ ԳՊՀ 2026-2027 ուստարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության նախնական տեղերի հայտը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի (հայտը ձևավորելիս հիմք ընդունվեցին վերջին տարիների տարբեր վերլուծական ցուցանիշներ):

Ընթացիկ հարցերում հաստատվեց Գորիսի պետական համալսարանի օտարերկրյա (այդ թվում՝ նաև սփյուռքահայ) դիմորդների գիտելիքների ստուգման կարգը:

Facebook Comments