ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Այսօր ԳՊՀ ուսանողական խորհրդի հրավիրած նիստում օրակարգային էր նոր նախագահի և նոր կազմի ընտրության հարցը: Նիստին ՈՒԽ նախագահությունից և ՈՒԳԸ անդամներից բացի ներկա էին նաև ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը և ուսումնական մասի  վարիչ Վ. Դանիելյանը:

Ռեկտոր Վանդունցը, ողջունելով ուսանողներին, իր խոսքում կարևորեց բուհում գործող ուսանողական կառույցների ստանձնած դերակատարումը, որը միտված է ուսանողների շահերի և իրավունքերի պաշտպանությանը, գիտամշակութային կյանքի ակտիվացմանը և հույս հայտնեց, որ առաջիկայում համատեղ առաջարկների, գաղափարների և հանդիպումների շնորհիվ կքննարկվեն ուսանողության շրջանում առկա խնդիրները: Նա շնորհակալություն հայտնեց ՈՒԽ նախագահ Կարինե Գրիգորյանին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար (վերջինս ներկաներին տեղեկացրեց, որ զբաղվածության պատճառով հրաժարական է ներկայացրել):

Նիստի անդամները ԳՊՀ երկու ֆակուլտետներից առաջադրեցին  թեկնածուներ` հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ամարյանին, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարսելա Բաբաջանյանին, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Զիլֆուղարյանին:

Թեկնածուները նախքան քվեարկությունը ներկայացրին ՈՒԽ-ի գործունեության զարգացման իրենց տեսլականները, ինչպես նաև անդրադարձան ուսանողական ակտիվ առօրյայի կազմակերպման, բուհի կառավարման գործընթացներում ուսանողների մասնակցության հարցերին: ՈՒԽ նիստի փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում և ձայների մեծամասնությամբ (52 կողմ) ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Զիլֆուղարյանը (մինչ այդ զբաղեցնում էր կառույցի փոխնախագահի պաշտոնը), փոխնախագահ՝ Անահիտ Ամարյան, քարտուղար՝ Մարսելա Բաբաջանյան:

ԳՊՀ ՈՒԽ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց Կարինե Գրիգորյանին գործունեության համար և նշեց, որ առաջիկա ընթացիկ միջոցառումներում և ծրագրերում հնարավորինս կխթանվի ուսանողների մասնակցությունը:

Facebook Comments