ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՎԵՐԱՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

Հավատարմագրումը ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատության (ՄՈՒՀ) կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման կարևորագույն գործընթացներից է, որը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել` արդյոք կրթական հաստատությունն իրականացնո՞ւմ է իր առաքելությունը և արձագանքո՞ ւմ է պետության ու հանրության կողմից ներկայացվող պահանջներին: Բացի այդ, հավատարմագրումը թույլ է տալիս վերհանել ՄՈՒՀ-ի գործունեության ուժեղ ու թույլ կողմերը, թիրախավորել կուտակված փորձառությունն ու կատարելագործել որակի ներքին ապահովման մեխանիզմները:
Գորիսի պետական համալսարանն անցել է հավատարմագրում և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»(ՈԱԱԿ) հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2018թ.-ի ապրիլի 12-ի թիվ 26 որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում` 2 տարի ժամկետով: Այդ հանգամանքը նպաստել է համալսարանի 2019-2023թթ. զարգացման նոր ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին, տարբեր օղակներում բարեփոխումների արդյունավետ իրականացմանը,   բուհի կառավարման համակարգի, ներքին իրավական դաշտի, ինչպես նաև ուսումնագիտական գործընթացի բարելավմանը: Ըստ ռազմավարական ծրագրի գերակայությունների` համալսարանը նախապատրաստվում է 2020 թվականի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին:
ԳՊՀ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրային քայլերի իրականացման, գործընթացի վերահսկման համար ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանի հրամանով 2018թ.-ի մայիսին ինքնավերլուծության 10 չափանիշների գծով ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք այսօր դինամիկ կերպով աշխատում են̀  հաջորդ ու վերջնական հավատարմագրման գործընթացում դրական արդյունքներ արձանագրելու համար:
2019թ.-ի հուլիսի 4-ի գիտական խորհրդի նիստում ընդունվել և ՈԱԱԿ է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների վերջնական ծրագրի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն, որի դրական եզրակացությունից հետո ԳՊՀ-ն ՈԱԱԿ-ի կողմից մշակված համապատասխան ձևաչափով դիմում-հայտ է ներկայացրել ՈԱԱԿ` հերթական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար: Մինչև դիմում-հայտ ներկայացնելը՝ համալսարանը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն է ներկայացրել նաև տեղեկատվություն ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտության կրթական ծրագրերի վերաբերյալ՝ լրացնելով համապատասխան էլեկտրոնային առցանց հարցաշարը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N 978-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ով և հիմք ընդունելով հիմնադրամի քարտուղարության ղեկավար Ա.Ութմազյանի եզրակացությունը «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացրած ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում-հայտի վերաբերյալ, 01.10.2019թ.-ին որոշում է կայացրել առ այն, որ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿի ներկայացրած դիմումհայտը բավարարում է Հավատարմագրման կարգի 7-րդ կետի պահանջներին և ընդունել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿի ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմումհայտը: Տե′ս Գրություն Գորիսի ՊՀԳՊՀ որոշում_դիմումի_ընդունում
Ըստ ՈԱԱԿԻ պահանջների` հավատարմագրման գործընթացը ներառելու է 3 փուլ`
ա. ինքնավերլուծություն` հաստատության կամ կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթաց, որի արդյունքնում պատրաստվելու է զեկույց` հիմնված ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների վրա,
բ. փորձաքննություն` անկախ փորձագետների խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրություն և այց ուսումնական հաստատություն: Այցի ժամանակ տեղի են ունենալու հանդիպումներ վարչական, պրոֆեսորադասախոսական համակազմի, ուսանողության ներկայացուցիչների, շրջանավարտների, գործատուների հետ, ինչի արդյունքում պատրաստվելու է փորձագիտական զեկույց, որը ներառելու է գնահատական, ինչպես նաև խորհրդատվություններ բարելավման վերաբերյալ,
գ. որոշման կայացում` հավատարմագրման հանձնաժողովի կողմից փաստերի ուսումնասիրություն, որոշման կայացում և առաջնահերթ  լուծում պահանջող խնդիրների մատնանշում:
Գնահատումը կատարվելու է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 959–Ն որոշմամբ հաստատված ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներով: Հավատարմագրման չափանիշները համապատասխանաբար ընդգրկում են բուհի առաքելությունն ու նպատակները, կառավարումն ու վարչարարությունը, մասնագիտության կրթական ծրագրերը, ուսանողները, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը, հետազոտությունը և զարգացումը, ենթակառուցվածքը և ռեսուրսները, հասարակական պատասխանատվությունը, արտաքին կապերը և միջազգայնացումը, որակի ներքին ապահովման համակարգը:
Հիմք ընդունելով ՈԱԱԿ-ի 01.10.2019թ. թիվ 32 որոշումը` դիմում-հայտի ընդունման վերաբերյալ, ԳՊՀ ղեկավարությունը հորդորում է համալսարանի ստորաբաժանումներին, հավատարմագրման 10 չափանիշների գծով ձևավորված աշխատանքային խմբերին ու նրանց ղեկավարներին` բուհի ռազմավարական խնդիրներին ու նպատակներին համապատասխան հետամուտ լինել աշխատանքների պատշաճ կատարմանն ու ամբողջացմանը` եռամսյա ժամկետում  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն «Ինքնավերլուծություն» ներկայացնելու համար, ինչին կհաջորդեն մյուս փուլերը` փորձաքննությունն ու որոշման կայացումը: Գործընթացը նախատեսվում է ավարտել 2020 թվականի ապրիլին:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի վերահսկման և հաշվետվողականության ապահովման նպատակով ԳՊՀ ղեկավարության կողմից առաջիկայում կիրականացվեն ստորաբաժանումային ստուգայցեր` ներքին գնահատում կատարելու, խոչընդոտների մասին իրազեկվելու, դրանց հաղթահարման ուղիները բացահայտելու, խնդիրների վերանայման առաջարկություններ կատարելու համար:
Համալսարանի վերահավատարմագրումը ենթադրելու է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին` ձեռք բերելու անհրաժեշտ որակավորում՝ մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

ԳՊՀ հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժին

Facebook Comments