ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ 2 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը Հայաստանումում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:
Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու գործընթացներով.
- ինստիտուցիոնալ հավատարմագրում,
- մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:
Ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այն պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար:
Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում: Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին մասնագիտության կրթական ծրագիրն է: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումն ակնկալվող ամբողջ ծավալով: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում:
Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով:
Հավատարմագրման գործընթացը ներառում է 3 փուլ`
ա. ինքնավերլուծություն` հաստատության կամ կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթաց, որի արդյունքնում պատրաստվում է զեկույց` հիմնված ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների վրա,
բ. փորձաքննություն` անկախ փորձագետների խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրություն և այց ուսումնական հաստատություն: Այցի ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ վարչական, պրոֆեսորադասախոսական համակազմի, ուսանողության ներկայացուցիչների, շրջանավարտների, գործատուների հետ` արդյունքում պատրաստվում է փորձագիտական զեկույց, որը ներառում է գնահատական, ինչպես նաև խորհրդատվություններ բարելավման վերաբերյալ,
գ. որոշման կայացում` հավատարմագրման հանձնաժողովի կողմից փաստերի ուսումնասիրություն, որոշման կայացում և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մատնանշում:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Դիմում պետական հավատարմագրման համար
Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար ԳՊՀ-ն 31.03.2017թ.-ին դիմել է ՈԱԱԿ` ներկայացնելով սահմանված ձևաչափի դիմում-հայտ, լիցենզիայի և դրա հավելվածների կրկնօրինակները:
ՈԱԱԿ-ի քարտուղարությունն ուսումնասիրել է դիմում-հայտում ներկայացված տվյալները, կից փաստաթղթերը և հաստատության կողմից լրացված ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը:
Դիմում-հայտի ընդուման մասին որոշումը կայացվել է 10.04.2017թ.-ին, որից հետո ՈԱԱԿ-ի և ՄՈւՀ-ի միջև կնքվել է երկկողմ պայմանագիր: Կազմվել և հաստատվել է աշխատանքների իրականացման ժամանակացույց:
Հաստատությունն, ըստ ՈԱԱԿ-ի կողմից սահմանած ձևաչափի, 18.07.2017թ.-ին ներկայացրել է ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը հայերեն և անգլերեն լեզուներով և ուղեկցող փաստաթղթերի փաթեթը:
Համալսարանի ինքնավերլուծությունն իրականացրել է հատուկ այդ նպատակով ՄՈՒՀ-ի ռեկտորի հրամանով ձևավորված խումբը։
Նախապատրաստական փուլ
ՈԱԱԿ-ի համակարգողն ուսումնասիրել է զեկույցը` տեխնիկական առումով ՈԱԱԿ-ի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Ինքնավերլուծության զեկույցի անգլերեն և հայերեն տարբերակները և ուղեկցող փաստաթղթերի փաթեթը ՈԱԱԿ-ի կողմից ընդունվել են 31.07.2017թ.-ին` հավատարմագրման գործընթացի համակարգողի դրական կարծիքը ստանալուց հետո:
Ինքնավերլուծության զեկույցը նախնական գնահատման համար տրամադրվել է փորձագիտական խմբին, որի կազմը նախօրոք համաձայնեցվել է համալսարանի ռեկտորի հետ և հաստատվել ՈԱԱԿ-ի տնօրենի հրամանով:
Փորձագիտական խմբին` աշխատանքներին նախապատրաստելու և գործընթացների արդյունավետությունն ապահովելու նպատակով պատասխանատուների (Լ. Զաքարյան, Ա. Մակարյան) կողմից իրականացվել են վերապատրաստումներ հետևյալ թեմաներով.
- փորձագիտական խմբի անդամների հիմնական գործառույթները,
- նախնական գնահատումը որպես փորձագիտական զեկույցի նախապատրաստման փուլ, զեկույցին ներկայացվող հիմնական պահանջները,
- փաստաթղթերի և ռեսուրսների ուսումնասիրության մեթոդաբանությունը,
- հանդիպումների անցկացման և հարցապնդումների էթիկան և տեխնիկան:
Փորձագիտական խումբն, ուսումնասիրելով ինստիտուտի ինքնավերլուծությունը և ուղեկցող փաստաթղթերի փաթեթն, իրականացրել է նախնական գնահատում 22.09.2017թ.-30.10.2017թ. ընկած ժամանակահատվածում: Ըստ ձևաչափի` պատրաստվել է լրացուցիչ ուսումնասիրման ենթակա անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև պարզաբանման ենթակա խնդիրների և հարցերի ցանկը՝ նշելով համապատասխան ստորաբաժանումները և թիրախային խմբերը:
Նախատեսված ժամկետներում փորձագիտական խումբն ամփոփել է նախնական գնահատման արդյունքները, և գործընթացի համակարգողը փորձագիտական խմբի ղեկավարի հետ կազմել է փորձագիտական այցի ժամանակացույցը[1]: Առաջնորդվելով ՈԱԱԿ-ի Փորձաքննության իրականացման ձեռնարկով` ժամանակացույցում ներառվել են փորձագետների կողմից նախատեսվող հանդիպումները բոլոր խմբերի հետ, բաց և փակ հանդիպումներ, փաստաթղթերի ուսումնասիրություն, այցելություններ հաստատության ստորաբաժանումներ և այլն:
Նախապատրաստական այց
Գորիսի պետական համալսարանի աշխարհագրական դիրքի պատճառով 2017 թվականի հոկտեմբերի 23-ին նախնական այցը տեղի ունեցավ առցանց եղանակով: Նշյալ հանդիպմանը ՈԱԱԿ-ի կողմից մասնակցում էին գործընթացի համակարգողը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավարը, իսկ համալսարանի կողմից`բուհի ռեկտորն, ինքնավերլուծության խմբի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև կոնտակտային անձը: Հանդիպման արդյունքում հստակեցվեց այցի ժամանակացույցը: Պայամավորվածություն ձեռք բերվեց փորձագիտական խմբին տրամադրվող սենյակի, հանդիպումների դահլիճի վերաբերյալ, հստակեցվեցին դրանց կահավորման ու տեխնիկական միջոցներով հագեցման խնդիրները:
Քննարկվեցին և փոխհամաձայնեցված որոշումներ կայացվեցին փորձագիտական այցի կազմակերպչական, տեխնիկական, տեղեկատվական հարցերի, ինչպես նաև հանդիպումների մասնակիցների վարքագծի և էթիկայի նորմերի վերաբերյալ:
Առցանց հանդիպումից հետո համալսարանին ներկայացվել է ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը:
Փորձագիտական այց
Ժամանակացույցով նախատեսված այցին նախորդող օրը փորձագիտական խմբի բոլոր անդամները (ներառյալ միջազգային փորձագետը) և համակարգողը հանդիպել են Գորիսում: Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը համաձայնեցրել է փորձագիտական գնահատման շրջանակը, չափանիշների գնահատման սանդղակը, որն ըստ ՈԱԱԿ-ի ընթացակարգերի` ներառում է երկու մակարդակ` 1) բավարարում/համապատասխանում է չափանիշի պահանջներին, 2) չի բավարարում/համապատասխանում չափանիշի պահանջներին: Վերջնականացվել են այցի ընթացքում ուսումնասիրման ենթակա խնդիրները, ՄՈՒՀ-ի ուժեղ և թույլ կողմերն ըստ չափանիշների, ֆոկուս խմբային հանդիպումների ընթացակարգը, հանդիպումների վարման էթիկան, հստակեցվել են հետագա քայլերը:
Փորձագիտական այցը տեղի է ունեցել 2017թ.-ի նոյեմբերի 01-ից 03-ն ընկած ժամանակահատվածում: Փորձագիտական այցը մեկնարկել և ավարտվել է համալսարանի ռեկտորի հետ հանդիպմամբ: Հարցերի պարզաբանման նպատակով կազմակերպված ֆոկուս խմբային հանդիպումների դասախոս և ուսանող մասնակիցները, դեկաններն, ամբիոնի վարիչները, գործատուներն ու շրջանավարտներն ընտրվել են պատահականության սկզբունքով նախօրոք տրամադրված ցանկից: Իրականացվել են ըստ ժամանակացույցի նախատեսված բոլոր հանդիպումները: 03.11.2017թ.-ի ժամանկացույցով նախատեսված մագիստրատուրայի ուսանողների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամը`բուհի կոնտակտային անձի հետ նախապես ձեռքբերված համաձայնությամբ տեղափոխվել է`կապված փորձագիտական խմբի կողմից դասալսումներ իրականացնելու ցանկության հետ: Այցի ընթացքում փորձագիտական խումբը փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում և ֆոկուս խմբային հանդիպումներ է իրականացրել համալսարանի տարբեր ստորաբաժանումներում: Փորձագիտական խումբը բարձր է գնահատել հանդիպման մասնակիցների հետ բաց քննարկումները:
Տարբեր հանդիպումների ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունն, ինչպես նաև փաստաթղթերի ուսումնասիրության և դիտարկումների հիմնական արդյունքներն ամփոփվել են ամեն օրվա վերջում և այցի ավարտին կազմակերպված ամփոփիչ հանդիպման ժամանակ: Փորձագիտական խումբը քննարկել է հիմնական արդյունքները և եկել ընդհանուր համաձայնության նախ հավատարմագրման առանձին չափորոշիչների, հետո նաև չափանիշների պահանջների բավարարման վերաբերյալ: Չափանիշների բավարարման վերաբերյալ վերջնական եզրակացությունները ձեռք են բերվել խմբի բոլոր անդամների կողմից բաց քննարկման միջոցով` կիրառելով կոնսենսուսի սկզբունքը:
Փորձագիտական զեկույց
Փորձագիտական այցից հետո փորձագիտական խումբը` պարբերաբար կազմակերպվող քննարկումների արդյունքում պատրաստել է հավատարմագրման զեկույցի նախնական տարբերակը, որը կազմելիս հիմնվել է ԳՊՀ-ի ինքնավերլուծության նախնական գնահատման և փորձագիտական այցի դիտարկումների վրա: Փորձագիտական խմբի յուրաքանչյուր անդամ իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստման աշխատանքներում, ինչպես նաև արձագանքել է ամբողջական տարբերակին: Միջազգային փորձագետը պատրաստել է իր եզրակացությունը և գործընկերային գնահատման առանձին կարծիքը: Հիշյալ փաստաթղթերը թարգմանվել և տրամադրվել են փորձագիտական խմբին: Միջազգային փորձագետի մոտեցումներն ամփոփվել են զեկույցում, իսկ գործընկերային գնահատումն ամբողջությամբ է ներառվել զեկույցի տեքստում:
Որոշման կայացում
Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստը: Գորիսի պետական համալսարանում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը: Հավատարմագրման հանձնաժողովը հարցեր ուղղեց բուհի և փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:
Այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն: Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գորիսի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով (Նյութի աղբյուրը` anqa.am):
ԳՊՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՒԿԱ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ