ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբերի 27-ին գումարվեց ԳՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստ: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը: Նախագծի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2017-2018 ուսումնական տարում, ընթացել հավատարմագրման գործընթացին զուգահեռ: Ռեկտորի հրամանով ստեղծվել է ռազմավարական ծրագրի ուղղությունները համակարգող հանձնաժողով, նշանակվել են պատասխանատուներ, որոնք պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել և հստակեցրել են համալսարանի ռազմավարական հիմնական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, առկա խոչընդոտները, ռեսուրսները, համալսարանի զարգացման հեռանկարները և խնդիրների վերանայման առաջարկություններ ներկայացրել գիտական խորհրդին: Գիտական խորհուրդը հավանություն տվեց ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի նախագծին, որը ըստ ԳՊՀ կանոնադրության, պետք է հաստատվի ԳՊՀ խորհրդի նիստում:

Գիտական խորհուրդը լսեց և ի գիտություն ընդունեց նաև ԳՊՀ երեք ֆակուլտետների և առանձնացված ստորաբաժանումների` 2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները:

Հաջորդիվ քննարկվեցին կանոնակարգային հարցեր: ԳՊՀ Որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժինը Գիտական խորհրդին առնընթեր գործող կառուցվածքային և կանոնադրական փոփոխությունների համակարգման հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել ԳՊՀ էթիկայի կանոնակարգի նախագիծը, որը համապատասխան քննարկումներից հետո ներկայացվեց գիտական խորհրդի հաստատմանը: Էթիկայի կանոնակարգը սահմանում է բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական աշխատակազմի և ուսումնառողների իրավունքները և պարտականությունները՝ ըստ էթիկական սկզբունքների, ինչպես նաև կարգապահական տույժերի և խրախուսանքների շրջանակները: Կրթության որակի ապահովումը կախված է նաև էթիկայի կանոնների պահպանումից: Կրթության գործընթացի բոլոր մասնակիցները պատասխանատու են որակի ապահովման համար, ունեն իրենց աշխատանքային պարտականությունները  և պարտավոր են հարգել այլոց իրավունքները:

ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի «Հետազոտություն և զարգացում» չափանիշը համակարգող հանձնաժողովը գիտական խորհրդի համապատասխան հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել ԳՊՀ աշխատողների գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կանոնակարգի նախագիծը, որը սահմանում է բուհի աշխատողների գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական որոշ տեսակի աշխատանքների խրախուսման չափանիշները և պայմանները: Կանոնակարգը նույնպես հաստատվեց գիտական խորհրդի նիստում: Կարգով նախատեսված խրախուսումները կտրվեն 2019թ. հունվարի 1-ից հետո իրականացված աշխատանքների համար:

Գիտական խորհրդին առնընթեր գործող կանոնադրական և կառուցվածքային  փոփոխությունների համակարգման հանձնաժողովը առաջարկ էր ներկայացրել գիտական խորհրդին` ԳՊՀ դեկանի ընտրության ընթացակարգում մի շարք իրատեսական փոփոխություններ անելու մասին, ինչը նույնպես համապատասխան քննարկումներից հետո հաստատվեց գիտական խորհրդի նիստում: Փոփոխությունները վերաբերում են գործող կարգի 3, 7, 28, 30, 31 կետերին, որոնց վերանայումն ու լրամշակումը հնարավորություն կտա ավելի ճկուն, օրինաչափ ու թափանցիկ կազմակերպելու ֆակուլտետի դեկանի ընտրությունները:

Գիտական խորհրդում քննարկվեցին նաև տպագրության երաշխավորման հարցեր: Գիտական խորհուրդը հանձնաժողովային համապատասխան քննարկումներից հետո տպագրության երաշխավորեց ՀԼԳ ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, բարբառագետ Սվետլանա Մանուչարյանի «Կապանի տարածաշրջանի խոսվածքները» մենագրությունը, համալսարանի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն, ինչպես նաև «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակում լույս տեսնող «Սյունիք» հայագիտության հանդեսի 3-րդ համարը:

Քննարկվեցին նաև ընթացիկ մի քանի հարցեր:

Թ.Մարության

Գիտական քարտուղար

Facebook Comments