ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ: Օրակարգում ֆակուլտետների դեկանների և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների՝ 2019-2020 ուստարվա հաշվետվություններն էին, ԳՊՀ-ի 2021 թվականի հաստիքացուցակի հաստատումը, կանոնադրական հարցեր, ինչպես նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սվետլանա Մանուչարյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցը:
Մ.Առուստամյանը և Ս.Մանուչարյանը ներկայացրին հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների և ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետների՝ 2019-2020 ուստարվա աշխատանքային գործունեության ամփոփ հաշվետվությունները, որոնք համապատասխան ընթացակարգով քննարկվել էին ֆակուլտետների խորհուրդներում: Հաշվետվություններ ներկայացրին նաև կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման կենտրոնի ղեկավար Գայանե Շաբունը, արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը: Գ. Շաբունցը, ամփոփելով տարվա ընթացքում բաժնի կատարած աշխատանքները, ներկայացրեց հավատարմագրման գործընթացի ընթացիկ վիճակը, առկա խնդիրներն ու անելիքները: Ինչպես հայտնի է, նախ՝ կորոնավիրուսային համաճարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված երկու անգամ հետաձգվել էր ՈԱԱԿ փորձագետների այցը ԳՊՀ, որը պլանավորվում է 2021 թվականի առաջին եռամսյակում: Ն.Սաֆարյանը, ամփոփելով բաժնի տարեկան գործունեության արդյունքները, մասնավորապես խոսեց ԳՊՀ-ում Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերին դիմելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում համալսարանը կոնսորցիումի անդամության և համագործակցության նոր առաջարկներ է ստացել: Կոնսորցիումի շրջանակում հաջողվել է դիմել դրամաշնորհային մրցույթին՝ իբրև գործընկեր կողմ հանդես գալով SU-AIDA, SAH, SMARTI, 3L4WORK, DISCOVER, CrIMS, INNOARM, TeachGREEN, NURTURE, ENA-RESTRICT նախագծերով: Էրազմուս+ ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում Կարողությունների զարգացման գործողության վերջին առաջարկների մրցույթի արդյունքները ամփոփվել են 2020 թ. հուլիսին, և մրցույթում հաղթած ծրագրերից երկուսում՝ “Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Field, Sustainability and Internationalization”-ում (SMARTI) և “Capacity Building in Sustainability for Architectural Heritage” -ում (SAH), ընդգրկվել է նաև Գորիսի պետական համալսարանը՝ որպես կոնսորցիումի անդամ: Այժմ բաժինը աշխատանքներ է տանում այդ երկու միջազգային ծրագրերը պատշաճ կերպով համակարգելու ուղղությամբ:
Ընդհանուր քննարկում կազմակերպվեց նաև կառուցվածքային մյուս ստորաբաժանումների տարեկան աշխատանքային գործունեության ընդհանուր արդյունքների ու առաջիկա անելիքների շուրջ:
Ակտիվ քննարկումների արդյունքում գիտական խորհուրդը ի գիտություն ընդունեց ԳՊՀ ֆակուլտետների և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների՝ 2019-2020 ուստարվա հաշվետվությունները:
ԳՊՀ-ի 2021 թվականի հաստիքացուցակը նույնպես հաստատվեց գիտական խորհրդի համապատասխան առաջարկների ու քննարկումների արդյունքում:
ԳՊՀ-ի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը օրակարգի երրորդ հարցի շրջանակում գիտական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրեց 2018թ. դեկտեմբերի 27-ի ԳԽ նիստում հաստատված ԳՊՀ-ի աշխատողների գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կարգում փոփոխություններ անելու հարցը: Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են կանոնակարգով սահմանված գործառույթների վերաբաշխմանը՝ կապված ԳՊՀ-ի գիտական կենտրոնի՝ որպես կառուցվածքային ստորաբաժանման առկայության հետ, որն էլ կհամակարգի կարգով նախատեսված գործընթացները: Կանոնակարգի նոր խմբագրությունը հաստատվեց միաձայն:
Օրակարգի վերջին հարցը հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցն էր: ԳՊՀ պրոռեկտոր Թ.Մարությանը զեկուցեց, որ սահմանված կարգով Ս.Մանուչարյանը ԳՊՀ-ի ռեկտորին ներկայացրել է դիմում՝ գիտական կոչում ստանալու համար, որին կցված են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ս.Մանուչարյանը ԳՊՀ-ում ունի գիտամանկավարժական աշխատանքի բավարար ստաժ, վերջին երեք տարվա ընթացքում իրականացրել է մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունի 5-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, այդ թվում՝ մենագրություն: Ըստ այդմ՝ որոշվեց հարցը թողնել փակ, գաղտնի քվեարկության, որի արդյունքներով ՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ս.Մանուչարյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում: Որոշումը սահմանված կարգով և ժամկետում կներկայացվի ՀՀ ԲՈԿ:
Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնցից գլխավորը վերաբերում էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ պարոն Յու.Սրապիոնյանի 30.11.2020թ. միջնորդագրի քննարկմանը: Գիտական խորհրդի անդամները խստագույնս դատապարտեցին հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի նախկին դեկանի կարգազանցության արդյունքում թույլ տրված խնդրո առարկա հանցավոր արարքը (արարքի բնութագրությունը՝ ըստ միջնորդագրի), որը վերաբերում է մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացին, և որի համար դեկանը ստացել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն:
ԳՊՀ-ի դեկանները, ստորաբաժանումների ղեկավարները ֆակուլտետներում և մյուս կառուցվածքային ստորաբաժանումներում գումարված նիստերում նախապես քննարկել էին միջնորդագիրը և առաջարկել միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ կանխելու նման երևույթները բուհում, որոնք մեծապես վնասում են բուհի ուսումնական գործընթացի հեղինակությանը: Հետևաբար պետք է խստագույնս պահպանել Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 2019թ. հոկտեմբերի 11-ի թիվ 5 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Բակալավրի կրթական ծրագրով մանկավարժական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի» պահանջները, ինչի արդյունքում հետագայում նմանատիպ խախտումները կբացառվեն ու կկանխվեն: Նույն պահանջը պնդեցին նաև գիտական խորհրդի անդամները, ինչը միաձայն հավանության արժանացավ և արձանագրվեց որոշման տեսքով: