ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Ապրիլի 12-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստ: Օրակարգային հարցերը վերաբերում էին մի շարք կանոնակարգերի նախագծերի քննարկմանը, ԳՊՀ-ի 2020թ. հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին, համալսարանի առկա կրթաձևի 2018-2019 ուստարվա ձմեռային քննաշրջանի արդյունքների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև ընթացիկ մի քանի հարցերի:
Վերջին շրջանում բուհում հավատարմագրման պահանջներին զուգահեռ ընթացող ուսումնակրթական ու վարչական բարեփոխումները, կրթության որակի ապահովման գործընթացները ենթադրում են մի շարք իրավական փաստաթղթերի լրամշակումներ կամ հիմնովին փոփոխություններ: Համալսարանի Կրթության որակի ապահովման բաժնի և Ուսումնական մասի կողմից մշակվել և գիտական խորհրդի քննարկմանն էին ներկայացվել համալսարանում բակալավրի ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության, մագիստրոսական թեզի կատարման և պաշտպանության կանոնակարգերի նախագծերը, որոնք նախապես քննարկվել էին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներում, ապա առաջարկությունների փաթեթով ներկայացվել գիտական խորհրդի կառուցվածքային և կանոնադրական փոփոխությունների համակարգման հանձնաժողովին՝ երաշխավորվելով գիտական խորհրդի հաստատմանը: Գիտական խորհրդի նիստում ծավալված արդյունավետ քննարկման արդյունքում կանոնակարգերը հավանության արժանացան և հաստատվեցին միաձայն:  Կանոնակարգերը ուժի մեջ են մտնում հաստատման պահից, այսինքն՝ հիմք են հանդիսանալու սույն ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացում ուսանողների որակավորման աշխատանքների ձևավորման պահաջների կատարման ու պաշտպանության համար:
Համապատասխան հանձնաժողովային քննարկումներից հետո Գիտական խորհրդի նիստում հաստատման էր ներկայացվել ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման և պաշտոնների տեղակալման կանոնակարգի նախագիծը, որի առկայությունը օրախնդիր էր ՊԴ կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման պայմանները, պաշտոններից բխող գործառույթները հստակեցնելու, ընդհանուր իրավական հիմքերին համապատասխանեցնելու առումով: Կանոնակարգի հաստատմանբ ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականից ԳՊՀ-ում գործող պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման ժամանակավոր կանոնակարգը, որն այլևս չէր համապատասխանում համալսարանի ռազմավարական խնդիրներին,  կառուցվածքին, կադրային քաղաքականությանը, մի շարք իրավական նորմերի:
Գիտական խորհրդի նիստում քննարկվեց նաև Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխութունը, որը վերաբերում էր 11-րդ և 35-րդ կետերին՝ պայմանավորված ֆակուլտետի կառուցվածքում նոր մասնագիտության(«Կերպարվեստ») և նոր լաբորատորիաների (ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիա, գծանկարի և  գունանկարի կաբինետներ) առկայությամբ:
2020 թվականին հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Սյուզաննա Հայրապետյանը՝ նշելով, որ ԳՊՀ-ի թերությունների վերացման ծրագրային քայլերի իրագործման, գործընթացի վերահսկման համար ինքնավերլուծության 10 չափանիշների գծով ձևավորված հանձնաժողովներն այսօր դինամիկ կերպով աշխատում են̀ հաջորդ ու վերջնական հավատարմագրման գործընթացում դրական արդյունքներ արձանագրելու համար: Ս.Հայրապետյանը շեշտեց, որ 2020 թվականի ինստիտուցիոնալ հավատարմագրման հայտն արդեն ներկայացվել է ՈԱԱԿ և ԳՊՀ-ի 2018թ. հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների վերջնական տարբերակի իրականացումը հիմք է հանդիսանալու բուհի հաջորդ գնահատման համար: Նա կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ընթացող աշխատանքներին, որպեսզի համալսարանը կարողանա սահուն կերպով հաղթահարել բուհի համար վճռորոշ ու պատասխանատու գնահատման որակական այդ աստիճանը: Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն:
Ի գիտություն ընդունվեց նաև համալսարանի առկա ուսուցման բաժնի 2018-2019 ուստարվա ձմեռային քննաշրջանի արդյունքների մասին երեք ֆակուլտետների դեկանների ամփոփ տեղեկատվությունը: Այժմ ստորաբաժանումները նախապատրաստվում են 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացին:
Ընթացիկ հարցերը վերաբերում էին 2019-2020 ուստարվա ընդունելության տեղերին ու մասնագիտություններին, գիտական խորհրդի ի պաշտոնե անդամների առաջիկա համալրմանը՝ պայմանավորված համալսարանում իրավախորհրդատուի հաստիքի առկայության հետ, գիտական խորհրդին առընթեր գործող հանձնաժողովների աշխատակարգերի մշակման պահանջին, Ուկրաինայի ճարտարագիտության և մանկավարժության ակադեմիայի և Գորիսի պետական համալսարանի միջև 14.03.2019թ. կնքված փոխըմբռնման հուշագրին և այլ հարցերի:

Թ.Մարության

Գիտական քարտուղար  

                                                                                                                                                                                 

Facebook Comments