ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Հունվարի 20-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց կազմի փոփոխությունը և նորանշանակ գիտական քարտուղարին՝ բ.գ.թ., բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Լիլիթ Թունյանին, ով համատեղությամբ կկատարի նաև այդ պարտականությունները: Նա շնորհավորեց Թունյանին և արդյունավետ աշխատանք մաղթեց: Այնուհետև հաստատվեց նիստի օրակարգը, որի առաջին հարցի շրջանակում պատասխանատուների կողմից ներկայացվեցին ԳՊՀ ֆակուլտետների և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների 2020-2021 ուստարվա գործունեության հաշվետվությունները, որոնք տարեվերջին լսվել ու գնահատվել էին ֆակուլտետային խորհուրդներում ու համապատասխան ստորաբաժանումներում: Համալսարանի տարեկան գործունեության արդյունքները, որոնք ընդհանուր առմամբ եղել են պլանաչափ և բխել են բուհի ռազմավարական զարգացման գերակայություններից, ընդունվեցին ի գիտություն: Երկրորդ հարցը վերաբերում էր ԳՊՀ 2021թ. ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքներին և փորձագիտական զեկույցում առկա թերությունների վերացման ծրագրի վերանայված տարբերակի նախապատրաստման ընթացքին, ինչի մասին զեկուցեց ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավարի ժ/պ Նազելի Հախվերդյանը: Նա նշեց, որ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով բուհի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը, լրացված էլեկտրոնային հարթակը, փորձագիտական խմբի զեկույցը, ԳՊՀ-ի ներկայացրած թերությունների վերացման նախնական ծրագիրը՝ 2021թ. հոկտեմբերի 22-ի թ. N 59 որոշմամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրում շնորհելու որոշման հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում, բուհը ՈԱԱԿ-ին պետք է ներկայացնի փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների վերանայված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը` հաշվի առնելով որոշման հիմնակետերը, ոլորտներում առկա խնդիրներին առաջնահերթ լուծում տալու անհրաժեշտությունը: Ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ՈԱԱԿ ներկայացված ԳՊՀ թերությունների վերացման գործողությունների նախնական ծրագրում կատարել է որոշակի փոփոխություններ՝ ըստ բուհի զարգացման գերակայությունների, կազմվել է ծրագրի վերջնական տարբերակը, որը օրերս պետք է ներկայացվի ՈԱԱԿ: Հախվերդյանը նշեց, որ բուհի բոլոր ստորաբաժանումները պետք է ակտիվորեն ներգրավվեն ծրագրում նախանշված գործողությունների կատարման համար պլանավորվող և ընթացիկ աշխատանքներին, որոնց արդյունքները պարբերաբար դիտարկվելու են ՈԱԱԿ փորձագիտական խմբի կողմից՝ համապատասխան հարթակներում ու մեխանիզմներով: Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագրի ղեկավար Ս.Մանուչարյանը ներկայացեց ծրագրի 2021թ.–ի հաշվետվությունը, որը գնահատվեց բավարար:
Ուսումնական մասի առաջարկի և գիտական խորհրդին առընթեր գործող կանոնադրական ու կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողովի եզրակացության հիման վրա գիտական խորհուրդը հաստատեց նաև ԳՊՀ գիտելիքների գնահատման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, որոնց մասին զեկուցեց ԳՊՀ իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը: Թ.Մարությանը նշեց, որ չնայած անհրաժեշտություն է առաջացել վերանայելու կանոնակարգը միջանկյալ ստուգումներին վերաբերող դրույթի լրամշակմամբ, բայց և այնպես այսուհետ պետք է նման փոփոխությունները կատարել բացառապես միայն կարիքների վերհանման ու գնահատման արդյունքում, ուստի առաջարկեց շահակիցների, կոնկրետ դեպքում՝ ուսանողների շրջանում ԳՊՀ գիտելիքների գնահատման բազմագործոն համակարգի վերաբերյալ հարցումներ իրականացնել և արդյունքների վերլուծությունից հետո կատարել համապատասխան բարելավում:
Գիտական խորհուրդը քննարկեց նաև ԳՊՀ-ում կառուցվածքային ստորաբաժանում՝ հանրային կապերի և լրատվության բաժին ստեղծելու հարցը: Թ. Մարությանը նշեց, որ թեև օղակը մշտապես գործել է, սակայն ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի գերակայություններից ելնելով, այն է՝ շահակիցների առջև հաշվետվողականությունն ապահովելու, բուհի գործունեության թափանցիկության, տեղեկատվության հասանելիության, պաշտոնական կայքէջի օրապահանջ բարելավման, պաշտոնաթերթի պարբերական հրապարակման, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների հետ համագործակցության ակտիվացման և այլ նկատառումներով, անհրաժեշտ է այդ ոլորտն ավելի զարգացնել ու կանոնակարգել: Դեռևս 2019թ. հոկտեմբերի 11-ին հաստատվել էր ԳՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի կանոնակարգը, սակայն բաժինը, որպես այդպիսին, իրավաբանական հիմք չէր ստացել: Բաժնի բազմավեկտոր գործառույթները երկար տարիներ իրականացվել են մեկ պատասխանատուի կողմից: Հասունացել է բաժին ձևավորելու խնդիրը, որը նաև բխում է ԳՊՀ հավատարմագրման փորձագիտական զեկույցի դիտարկումներից ու խորհրդատվություններից: Գիտական խորհուրդը հավանություն տվեց հանձնաժողովի առաջարկին: Նիստում հաստատվեց նաև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսումնական պլանը՝ առաջարկվող փոփոխություններով: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք հարցեր և ընդունվեցին որոշումներ:









Facebook Comments