ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերը վերաբերում էին գիտական խորհրդի կազմում և առընթեր գործող հանձնաժողովներում մասնակի փոփոխություններին՝ պայմանավորած ի պաշտոնե անդամների փոխատեղման և ուսանողական խորհրդի նոր կազմից առաջադրված անդամների հետ, կանոնադրական հարցերին, մասնավորապես՝ ԳՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրության և ամբիոնի օրինակելի կանոնակարգում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև նոր վերակազմակերպված ֆակուլտետների կանոնադրությունների նախագծերի հաստատմանը: ԳՊՀ-ում շարունակվում է գործող ներքին իրավական ակտերի՝ բուհի կանոնադրության և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման և բարելավման գործընթացը: Օրակարգային էր նաև կառավարման ու վարչարարության գործընթացների որակական բարելավման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու ռազմավարական կառավարման ապահովման նպատակով ԳՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը: Ռեկտոր Վանդունցը համապատասխան հիմնավորմամբ, կառուցվածքային ու կանոնադրական փոփոխությունների համակարգման հանձնաժողովի դրական եզրակացությամբ գիտական խորհրդին առաջարկեց վերակազմակերպել ԳՊՀ-ի չորս՝ կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման, գիտական կենտրոն, հանրային կապերի և լրատվության, արտաքին կապերի և համագործակցության բաժինները, որոնց արդյունքում կգործեն երեք նոր՝ Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության, Որակի գնահատման և ապահովման, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժինները: Գիտական հարցերի ու աշխատանքների համակարգումը կվերապահվի գիտական քարտուղարին: Օրակարգի վերջին հարցով ԳՊՀ գիտական քարտուղար Թ.Մարությանը գիտական խորհրդին տեղեկատվություն ներկայացրեց հոկտեմբերի 27-28-ը Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի արդյունքների մասին: Գիտական խորհրդում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին ուսումնական գործընթացում առկա խնդիրների լուծմանն ու որոշումների կայացմանը:

Facebook Comments