«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ
Օրերս ԳՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում ոլորտում ճանաչված տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, «Գառնի ինվեստ» ՈԻՎԿ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանի և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կ. Լազարյանը, ԳՊՀ-ի «Տնտեսագիտություն», «Կառավարում» մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և ոլորտով հետաքրքրվածներ:
ԳՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Թ. Մարությանը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, որի նպատակը ՀՀ բանկային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, ՀՀ Անկախության հռչակագրին վերաբերող փաստաթղթերն ու բարեփոխումները քննարկելն է: «Մենք ուրախ ենք ԳՊՀ-ում հյուրընկալել ոլորտում ճանաչված հայտնի մասնագետների, ովքեր իրենց ունեցած գիտելիքներն ու փորձը կփոխանցեն մեր ուսանողներին և դասախոսներին: Շնորհակալություն ենք հայտնում նման նախաձեռնության համար և ակնկալում, որ շարունակական կլինեն թեմատիկ բանախոսությունները»,-նշեց նա:
Բագրատ Ասատրյանը «Բանկային համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով բանախոսության շրջանակներում ակտիվ հարց ու պատասխանի միջոցով ներկայացրեց բանկային համակարգի բարեփոխումները, բանկերի գործունեության կարգավորման հիմունքները, բանկային ռիսկերը և ՀՀ բանկային համակարգի զարգացման գործոններն ու միտումները:
Վերջինս, ով հեղինակ է ավելի քան 20 գիտական հրապարակումների, անդրադարձավ նաև իր հեղինակած «Բանկային գործ» ուսումնական ձեռնարկին, որն ամփոփում է բանկային գործունեության ծագման և զարգացման պատմությունը, ՀՀ-ում ժամանակակից բանկային համակարգի ձևավորման և իրավական կարգավորման փուլերն ու առանձնահատկությունները, բանկային գործառնությունների զարգացման միտումները ՀՀ-ում և միջազգային փորձի օրինակները: Նշենք, որ «Բանկային գործ»-ը միակ դասագիրքն է Հայաստանի բանկային համակարգի մասին, և մեծ պահանջարկի պատճառով վերահրատարակվել է: Հեղինակը գրքի մեկ օրինակ նվիրաբերեց ԳՊՀ-ի գրադարանային ֆոնդին:
Հանդիպման ավարտին Արամ Մանուկյանը խոսեց ՀՀ Անկախության գործընթացի՝ 1990-91 թթ.-ի շրջափուլին վերաբերող կարևոր իրադարձությունների ու փաստաթղթերի մասին, շեշտեց անկախության՝ որպես բարձրագույն արժեքի պահպանման օրապահանջ գերակայությունը և ներկաներին նվիրեց ՀՀ Անկախության հռչակագրի հուշանվերային տարբերակները: Լսարանը շատ ակտիվ արձագանքեց քննարկվող թեմաներին, իսկ հյուրերը շնորհակալություն հայտնեցին ԳՊՀ-ին՝ ջերմ ընդունելության համար: