ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բանախոսություն՝ նվիրված Մխիթար Սեբաստացուն և Մխիթարյան միաբանությանը։ Բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը՝ բանախոսելով  «Մխիթար Սեբաստացին և Մխիթարյան միաբանությունը» թեմայով:

Բանախոսը 2024 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը հյուրընկալվել էր Սուրբ Ղազարում և մասնակցել Մխիթարյան Միաբանության մայրավանքում տեղի ունեցած «Աստուածաշունչ Հայկազեան» միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով «Աստվածաշնչի բառապաշարի արտացոլումը Սյունիք-Արցախի բարբառներում» թեմայով:

Լեզվաբանը ներկայացրեց մեծ գիտնական և մտավորական, մշակութային և եկեղեցական գործիչ, աշխարհաբար արևմտահայերենի քերականության հիմնադիր,  Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կյանքը, կյանքին առնչվող հոգևոր դեպքերը: Նա անդրադարձավ  Մխիթարյան միաբանության գործունեությանը, ստեղծման պատմությանը, զարգացման փուլերին, Մխիթարյանների կենցաղին, վարք ու բարքին, ազգային ինքնության պահպանման գործում Մխիթարյան միաբանության ունեցած դերին, նրանց թողած  արժեքավոր ժառանգությանը:

Բանախոսությանը ներկա էին ավագ դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ԳՊՀ դասախոսներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված անձինք:

Բանախոսության ավարտին ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու բանախոսին։

Facebook Comments