ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Գորիսի պետական համալսարանում 2010 թվականից գործում է ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող հայագիտական հետազոտությունների ծրագիր՝ «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» թեմայով, որի շրջանակներում մեծարժեք ուսումնասիրություններ է կատարում նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայ գաղթօջախների բաժնի վարիչ, ԳՊՀ-֊ի պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.դ, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։
Օրերս նա հանդես եկավ հերթական բանախոսությամբ՝ «Հաբանդ-Ձագաձոր գավառի Ս. Գրիգորիս և Ս. Աստվածածին եկեղեցիների տեղորոշման հարցի շուրջ» թեմայով։
Բանախոսությանը ներկա էին ոչ միայն համալսարանականները, այլև Գորիսի մտավորական ընտրանու ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, պատմության և եկեղեցու պատմության ուսուցիչներ։
Ներկաներին ողջունեց ԳՊՀ պրոռեկտոր Թ.Մարությանը` շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Ստեփանյանին` հերթական բանախոսության համար և կարևորելով ԳՊՀ֊-ի հայագիտական կենտրոնի նախաձեռնությունը` կլոր սեղանների, բանախոսությունների միջոցով հանրության հետաքրքրված շրջանակներին մատուցելու կատարվող հետազոտությունների արդյունքները՝ ավելի կիրառական, գիտագործնական ու նպատակային դարձնելու նպատակով, ինչը կարևոր է նաև բուհ-դպրոց կապերի ամրապնդման տեսանկյունից:
Բանախոսը  մատենագրական աղբյուրների, տարբեր ժամանակներում Ձագեձորի հովիտ այցելած տեղագիր հեղինակների (Սարգիս վրդ. Ջալալյանց, Երվանդ Լալայան, Եղիշե ավագ քհն. Գեղամյանց (Հայկունի), Լեո, Էռնեստ Շանթր, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյան, Ստեփան Լիսիցյան, Գրիգորի Չուրսին, Գեղամ Սարգսյան) հաղորդած արժանա­հավատ տեղեկությու­նների, մասնավորապես՝ ձեռագիր մատյանների հիշատակարանների հենքի վրա ներկայացրեց Ձագեձորի հովտում վերոնշյալ եկեղեցիների տեղորոշումը:
Ամփոփելով իր խոսքը` Գ. Ստեփանյանը նշեց, որ երկու եկեղեցիներն էլ կարևոր դեր ու նշանակություն են ունեցել միջնադարյան Սյունիքի կրոնամշակութային կյանքում և եղել են Վարարակնի հովտի գրչության արգասավոր կենտրոններ, որտեղ ընդօրինակված բազմաթիվ ձեռագրերի մի մասն այժմ պահպանվում է Մաշտոցյան Մատենադարանում:

Facebook Comments