ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼԻՆ
Այսօր Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողների համար բաց դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների ու սփյուռքի բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանը: Բանախոսությունը նվիրված էր ռազմական, հասարակական, քաղաքական ու պետական ականավոր գործիչ, ՀՅԴ առաջին սերնդի ներկայացուցիչ Համազասպ Սրվանձտյանցի կյանքին և գործունեությանը:
Տարիներ շարունակ հայոց ազատամարտի մոտ 40-ամյա պատմության ուսումնասիրությունը մայր հայրենիքում եղել է փականքների տակ, ենթարկվել գրաքննության ու անարժան գնահատականի: Ազատամարտի մեծերը պարբերաբար ներկայացվել են որպես ազգայնականներ, հակախորհրդային գործիչներ, «կեղծ» հայրենասերներ, որով էլ ավելի է մեծացել հարցի նկատմամբ հետաքրքրությունն ուսումնասիրողների շրջանում: Մերժողական ու կամայական այդ վերաբերմունքից զերծ չի մնացել նաև Համազասպ Սրվանձտյանցը, որ հայոց ազգային-ազատագրական պայքարում աչքի է ընկել հայ զորականի անբասիր ու սխրալից վարքով:
2016 թվականին լույս է տեսել Գևորգ Ստեփանյանի «Համազասպ» կոթողային մենագրությունը(1087 էջ), որը լրացնում է հայ պատմագրության մեջ եղած բացը և ժողովրդին վերադարձնում հայոց ազատամարտի սիրված հերոսին ու նվիրյալին՝ դրանով իսկ հարստացնելով Սանդյանց-Սրվանձտյանց բազմաշնորհ տոհմի պատմությունը:
Հանդիպման ազդակը հենց Գևորգ Ստեփանյանի մենագրությունն էր, անձամբ հեղինակից մեծ հայորդու կյանքի ու գործի մասին համակողմանի իրազեկվելը:
Օրվա բանախոսին ներկայացրեց ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պ/ր Թեհմինա Մարությանը: Այնուհետև ելույթ ունեցավ Գևորգ Ստեփանյանը՝ նախ խոսելով մենագրության ստեղծման ուշագրավ շարժառիթների մասին, և ապա դրվագ առ դրվագ ներկայացնելով Համազասպի կյանքի ու գործունեության այս կամ այն ժամանակաշրջանը՝ սկսած մանկությունից ու պատանեկությունից մինչև հայ-թաթարական ընդհարումների տարիները (1905-1906 թթ.), բանտարկության, աքսորի ու դեգերումների շրջանը (1907-1914 թթ.), առաջին աշխարհամարտի տարիները (1914-1916 թթ.), Բաքվի նահանգում և Դաղստանի մարզում ծավալած կռիվները (1918 թ.), կյանքի վերջին եղերական շրջանի իրադարձությունները(1921 թ.):
Ունկնդիրների համար Համազասպ Սրվանձտյանցը, որպես գաղափարի ու գործի մարդ, վեր հառնեց կենսական բոլոր անկյունադարձերով, հասարակական ու քաղաքական բախումնալի իրադարձությունների մեջ: Հուզառատ դրվագ էր հատկապես զորահրամանատարի կյանքի մայրամուտի շրջանը՝ նախընթաց գործունեությամբ Թիֆլիսում, Երևանում, Նոր Բայազետի գավառում, ինչպես նաև նրա ձերբակալությունը և կյանքի վերջին 68 օրերը Երևանի կենտրոնական բանտում, որտեղ էլ կնքեց իր դժնի մահկանացուն:
Բանախոսությունն ուղեկցվեց լուսանկարների, տարբեր փաստաթղթերի ցուցադրությամբ:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին պրոֆեսորին՝ ուշագրավ ու փաստառատ դասախոսության համար՝ բարձր գնահատելով պատմաբանի կատարած արդյունավետ աշխատանքը հայագիտության բնագավառում:
Նոննա Միրզոյան