«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ»-Ի ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Նոյեմբերի 1-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ուենցավ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կարևոր նախագծերից մեկի` «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի(artsakhlib.am) հանրայնացմանը միտված ճանաչողական հանդիպում-շնորհանդես, որը վարեց ԱԵԳՄՄ-ի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը: Հանդիպմանը ներկա էին բուհի ղեկավարությունը, դասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ինչպես նաև Գորիսի կենտրոնական և մանկական գրադարանների աշխատակիցները:
Ողջունելով ներկաներին` ԳՊՀ պրոռեկտոր Թ.Մարությանը կարևորեց ԳՊՀ-ԱԵԳՄՄ համագործակցության շրջանակներում իրականացվող տարատեսակ միջոցառումները, որոնք էապես նպաստում են Արցախի և Սյունիքի միջև կրթական, գիտական, ստեղծագործական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ ԱԵԳՄՄ-ի նախագծերից «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հարթակը նույնպես համագործակցային կապերը զարգացնելու, գիտական տեղեկատվությամբ փոխանակվելու հրաշալի հնարավորություններ կընձեռի:
ԱԵԳՄՄ-ի նախագահ Ա.Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար, նշեց, որ ԱԷԳ-ի հանրայնացման ծրագրի մեկնարկը տրվում է հենց Գորիսի պետական համալսարանից` հաշվի առնելով այն բարեշահ հանգամանքը, որ ԳՊՀ-ն ԱԵԳՄՄ-ի ամենաակտիվ գործընկերն է և համատեղ իրականացրած ծրագրերը բավականին արդյունավետ են:
Անդրադառնալով «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի մասսայականացման՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրին, Ա.Հարությունյանը նշեց, որ կայքի բազմապրոֆիլ շտեմարանի հանրայնացումը ճանաչողական հանդիպումների ու շնորհանդեսների միջոցով զգալիորեն կավելացնի էլեկտրոնային գրադարանից օգտվողների թիվը, կապահովի տեղեկատվական հասանելիություն ու մատչելիություն՝ դրանով իսկ նպաստելով կրթության և գիտության զարգացմանը, ընթերցանությանը, ինքնակրթությանը, քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին, ուսումնառության ու գիտական հետազոտությունների ժամանակ կայքի էլեկտրոնային պաշարների նպատակային օգտագործմանը: Նա մանրամասն խոսեց կայքի ստեղծման նպատակի ու խնդիրների մասին:  «Ի սկզբանե ԱԷԳ-ի նպատակը եղել է մեկտեղել Արցախի վերաբերյալ գիտական ու գեղարվեստական գրականությունը, այն օտարերկրացիների համար դարձնել Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու աղբյուր, խթանել Արցախի ու Հայաստանի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև որոշակիորեն հակազդել տարբեր մեդիահարթակներում ղարաբաղյան հակամարտության, հայոց պետականության կերտման և այլ իրողությունների վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խեղաթյուրվող նյութերին»,-նշեց Ա.Հարությունյանը և հավելեց, որ օգտվելով ցանցի հնարավորություններից՝ «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ը տեղեկատվական պաշարների համակարգված համալրման ու հանրայնացման միջոցով կմասնակցի ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին, կապահովի դասախոսների, ուսանողների, գիտական աշխատողների, մասնագետների և այլ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկումը՝ նախընտրելի բնագավառի, հիմնախնդրի վերաբերյալ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ:
Ներկայացնելով և ցուցադրելով ԱԷԳ-ի մեդիա հնարավորությունները` համապատասխան բաժիններով, ընդգրկումով, ԱԵԳՄՄ նախագահը նշեց, որ կայքի գործարկումից անցել է մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ, և այդ ընթացքում կայքն ունեցել է աշխարհի 87 երկրներից 30.000 այցելու, էջերի դիտումների թիվն անցել է 130.000-ից, ինչը վատ ցուցանիշ չէ սկսնակ կայքի, առավել ևս՝ էլեկտրոնային գրադարանի համար: Նման պարագայում կարևորվում է ԱԷԳ-ի մշտական արդիականացման խնդիրը՝ տեղեկատվության տարածման ու հանրայնացման նորարարական մեթոդների կիրառմամբ: «Հետևաբար մեզ անհրաժեշտ է նման հանդիպումների, քննարկումների, հարցումների միջոցով հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն օգտվողները ԱԷԳ-ից, ծառայությունների ինչպիսի՞ ցանկ է հարկավոր նրանց, ինչքանո՞վ է հարմար ու մատչելի կայքի ծրագրատեխնիկական ապահովումը»,-հավելեց Ա.Հարությունյանը: Ներկայումս ԱԷԳ-ի էլեկտրոնային գրացուցակը պարունակում է 2300 հեղինակի մոտ 5000 նյութ, և այն անընդհատ թարմացվում է: Ի վերջո, կայքի առավելություններից մեկն այն է, որ նյութերի ներբեռնումը բացարձակ անվճար է, իսկ գլխավոր նպատակը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելն է:
Ամփոփելով artsakhlib.am-ի ներկայացումը՝ Ավետիք Հարությունյանն առաջարկեց ԳՊՀ-ի ղեկավարությանը՝ զարգացնել համագործակցությունը նաև ԱԷԳ-ի հարթակում՝ կայքին տրամադրելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական աշխատանքները, մենագրությունները, ԳՊՀ-ի հրատարակած գիտական հանդեսները,  ժողովածուները և այլ աշխատանքներ: Կայքում յուրաքանչյուր հեղինակ կունենա իր բաժինը, որտեղ կարող է հետևել նյութի տարածման ընթացքին, պահանջվածությանը:
Ներկաները կիսվեցին տպավորություններով, եղան առանձին առաջարկներ, դիտարկումներ:
Հանդիպումն ամփոփեց ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպությանը` «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հնարավորություններն ու նպատակները լուսաբանող նման ճանաչողական հանդիպման համար, ինչը մեծապես կնպաստի ԱԷԳ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նախադրյալներ կստեղծի ԳՊՀ-ում ծավալվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները նաև ԱԷԳ-ի հարթակում լուսաբանելու համար:
«Արցախի էլեկտրոնային գրադարան»-ը Հայաստանի ու Արցախի գիտական մտքի զարգացման տեղեկատվական ռեսուրսների հիմքերից է, որի պահպանման, զարգացման ու հանրայնացման խնդիրն ունի ռազմավարական ու տեսամեթոդական գլոբալ նշանակություն:

Facebook Comments