ԱրՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Գորիսի պետական համալսարանի հարգարժա՛ն ռեկտոր,

Հարգելի՛ գործընկերներ, ուսանողներ, հյուրեր

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակի առթիվ և ողջունում «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական երկրորդ գիտաժողովի մասնակիցներին:

Արցախի պետական համալսարանը Գորիսի պետական համալսարանի հետ համագործակցության երկար տարիների պատմություն ունի, որն արձանագրվել է արդյունավետությունը փաստող բազմաթիվ ծրագրերով:

Մեծ է երկու բուհերի համագործակցության դերն ու նշանակությունը ոչ միայն Արցախ-Սյունիք գիտակրթական փոխգործակցությունն ամուր պահելու, այլ նաև մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման համար ուղիներ նախանշելու տեսանկյունից:

Գործունեության 55 տարիների ընթացքում Գորիսի պետական համալսարանը տվել է շրջանավարտներ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են Մայր հայրենիքի և Արցախի տարբեր բնագավառների զարգացմանը: Ասել է թե՝ համալսարանը գիտակրթական կարևորագույն հաստատություններից է, որոնք որպես գործունեության գերակա սկզբունք են որդեգրել ազգային ու համամարդկային արժեքների դավանումն ու պետականության կերտումը:

Պատմաքաղաքական արդի զարգացումների և հատկապես մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների իրողություններում անչափ կարևորում եմ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի կազմակերպումը, որը միտված է գիտության բնագավառի կարող ուժերի մեկտեղմանը՝ հանուն օրախնդիր հարցերի լուծման:

Լիահույս եմ, որ գիտաժողովը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները՝ նոր լույսի ներքո արժևորելով երկրամասի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունն ու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները:

Սիրելի՛ հայրենակիցներ

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Սյունիքի Մայր բուհի 55-ամյակի առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթում գիտաժողովի ընթացքին:

ԱրՊՀ ռեկտոր՝ Արմեն Յուրիկի Սարգսյան

Facebook Comments