ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻՆ

Սեպտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանի ՀՀՄ ֆակուլտետում ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ արիության դաս-ցերեկույթ՝ նվիրված հայ ազգային-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա, հրապարակախոս Շահան Նաթալիին:
Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագրի իրագործման հետ, որ, ինչպես ինքն է բնորոշում, «սրբազան խենթի» ամբողջական ու անմնացորդ նվիրումն էր եղեռնազարկ հայրենիքին:
«Նեմեսիս» գործողության կատարման պատմական որոշումը կայացվեց 1919 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում ՀՅԴ Բյուրոյի գումարած Ընդհանուր ժողովում: Ծրագրի գլխավոր ներշնչողը, նախաձեռնողն ու ոգին Շահան Նաթալին էր: ՀՅԴ Բյուրոն՝ մասնավորաբար Սիմոն Վրացյանը, Ռուբեն տեր Մինասյանը և Ռուբեն Դարբինյանը, որոշել էին արգելք լինել Նաթալիի հանդգնամիտ ծրագրին, բայց Նաթալին վճիռ էր կայացրել, որն ավելի քան մեկուկես միլիոն հայ զոհերի պահանջն էր:
«Նեմեսիս»-ի փառավոր իրագործումից անցել է 98 տարի, և այսօր էլ յուրաքանչյուր հայ հպարտությամբ ու երախտագիտությամբ է խոնարհվում հայ ազգի դահիճներին պատուհասած քաջազուն հայորդիների՝ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի և մյուսների հիշատակի առջև,  ոգեշնչվում նրանց անօրինակ ազգասիրությամբ:
Համալսարանականները ծաղիկներ խոնարհեցին կրթօջախի բակում կանգնեցված Նաթալիի հուշարձանին՝ ի նշան «Նեմեսիս» գործողության խորհրդանշական օրվա, այնուհետև մասնակցեցին Նաթալիի կյանքի ու գործի էջերը լուսաբանող, արժևորող արիության դասին, որի ընթացքում ըստ ամենայնի ամբողջացավ մեծ հայի, ազգասերի, մտավորականի, գրչի անխոնջ մշակի լուսավոր նկարագիրը:
Միջոցառումն ուղեկցվեց թեմատիկ տեսանյութերի դիտումով, Նաթալիի գեղարվեստական, հրապարակախոսական էջերի ընթերցումներով, ելույթներով: Ազգագրական երգերի կատարումներով հանդես եկավ ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի տաղանդավոր սան Անդրանիկ Հայրապետյանը:
ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թ.Մարությանը, կարևորելով օրվա խորհուրդը, Նաթալիի գործի պատմական նշանակությունը, շեշտեց, որ  այսօր անհրաժեշտ է բոլոր միջոցներով Նաթալիի գործի արժեքը տեղ հասցնել նորահաս սերնդին, խանդավառել նրա անօրինակ հայրենասիրությամբ, մատուցել այն բազմահարուստ նյութերը, որոնք ազգային խոր գիտակցություն են ձևավորում և լայնահուն դարձնում հայկականության երակը: «Մեզ բախտ է վիճակվել ամեն օր համալսարան ոտք դնել մեծ հայրենասերի իմաստուն հայացքի ու լայն ճակատի պայծառության ներքո, – նշեց նա, – Շահան Նաթալիի կիսանդրին, որպես  մշակութային  մեծակշիռ իրագործում, առաջինն է Հայաստանում, հետևաբար մեծ պարգև է պատմությանը, Նաթալիի հիշատակին, հայ սերունդներին: Մենք պետք է խորապես գիտակցենք՝ ինչպիսի արժեքների տեր ենք, և ինչպես Նաթալին է պատգամել՝ զարգանանք ազգային արժեքներով»:
Համալսարանի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը, ամփոփելով արիության դասը, նշեց միջոցառման գլխավոր նպատակը՝ ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ծանոթացնել մեծ հայորդու կյանքին ու գործին, հաղորդակից դարձնել նրա հայրենաշունչ գաղափարներին, գլխավոր պատգամներին:

 21992859_1092700334194607_7517949827666817023_o21950878_1092700447527929_4819759565740246977_o21993140_1092700397527934_8999765049200290703_o21993042_1092700507527923_4966062581623761927_o21951089_1092700604194580_8535446610623889872_o 22041916_1092699340861373_490880920769920701_o21951075_1092699047528069_7556150930820196397_o 22041999_1092699127528061_1283347245734410481_o22047964_1092699537528020_8291227802691795862_o22050979_1092699890861318_5538043201059457153_o21950843_1092699480861359_7518165794560111002_o21992747_1092699234194717_7018707264484321840_o21992777_1092699997527974_3088190250175066613_o21993147_1092699654194675_8299350877203120702_o21994000_1092699744194666_6194629450955078558_o21951060_1092700257527948_2336537789763721540_o 22104350_1092700127527961_8842122458414573392_o

Facebook Comments