ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՊՀ-ՈՒՄ
Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից հանրապետության ողջ տարածքում սահմանված արտակարգ դրության որոշման համաձայն` Գորիսի պետական համալսարանը ս.թ. մարտի 15-ից քայլեր ձեռնարկեց առցանց կրթական գործընթացի ներդրման ուղղությամբ՝ պարապուրդը մեղմացնելու և ուսուցման շարունակականությունն ապահովելու նպատակով:
Հինք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 01/06.2/6775-20 2020-03-18 գրությունը՝ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը 20.03.2020թ. հանձնարարական տվեց ԳՊՀ ստորաբաժանումներին՝ ԳՊՀ-ում դասավանդման և գիտելիքների ստուգման ընթացիկ գործընթացները կազմակերպել՝ ելնելով մասնագիտության կրթական ծրագրերի առանձնահատկություններից՝ հնարավորինս օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները և կիրառելով հեռավար ուսուցման համապատասխան գործիքներ՝ դասապրոցեսների համակարգման, համաժամանակյա դասերի և ոչ համաժամանակյա առաջադրանքների կատարման համար:
ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից համապատասխան տեղեկատվություն և օժանդակություն տրամադրվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առցանց ուսուցման կազմակերպման հարթակների, գործիքների կիրառման վերաբերյալ, իսկ ֆակուլտետների դեկանների կողմից աշխատանք տարվեց ուսանողներին իրազեկելու դասապրոցեսի իրականացման այլընտրանքային ձևերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ:
ԳՊՀ-ի ուսումնական մասի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ուսանողներն ու դասախոսներն ունեն բավարար ներգրավվածություն կրթական առցանց գործընթացում, ուսուցումը հիմնականում իրականացվում է «Moodle», «Zoom», «Gmail.com», «Skype», «VIBER», «WatsApp», «Messenger» թվային տեխնոլոգիաների ու գործիքակազմերի միջոցով: ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մասնագիտական մեծագույն պատասախանատվությամբ է մոտենում ստեղծված իրավիճակին, ամբիոնների կողմից արվում է առավելագույնը՝ ուսումնառության անընդհատությունն ապահովելու նպատակով:
Առաջիկայում ԳՊՀ-ի ռեկտորատը որոշումներ կընդունի հեռակա կրթաձևի ավարտական կուրսերի երկշաբաթյա ուսումնական գործընթացը նույնպես հեռավար ձևաչափով կազմակերպելու, առկա կրթաձևի ավարտական խմբերի առցանց դասապրոցեսը մեկ շաբաթով երկարաձգելու և հրատապ այլ հարցերի վերաբերյալ:
Տեղեկացնենք նաև, որ առցանց աշխատանքային ռեժիմի է անցել նաև ԳՊՀ-ի վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմը:
ԳՊՀ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարբերաբար տեղակատվություն կտրամադրի ԳՊՀ-ում ընթացող կրթաուսումնական առցանց գործընթացների վերաբերյալ: