ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ T-GREEN ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Ս. թ. դեկտեմբերի 1–5-ը Պորտուգալիայի Հանրապետության Պորտու քաղաքում՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, կայացավ ԵՄ-ի «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Մագիստրոսական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի հերթական աշխատաժողովը՝ նվիրված ծրագրի գործընկեր բուհերում ներդրված մագիստրոսական ծրագրերի պիլոտային փորձարկման արդյունքների քննարկմանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ԵՄ-ի և ՀՀ գործընկեր համալսարանների, գիտահետազոտական և որակի ապահովման կառույցների, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների պատվիրակությունները։ Հանդիպմանը Գորիսի պետական համալսարանը (ԳՊՀ) ներկայացրին պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը և արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Անահիտ Բաղդասարյանը։
Աշխատաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ղեկավարությունը, ծրագրի համակարգող խումբը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ՀՀ ԲԿԳԿ) ներկայացուցիչները։ Այնուհետև ԵՄ-ի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները (Հունաստանից, Լիտվայից, Լեհաստանից, Պորտուգալիայից) ներկայացրին համատեղ, կրկնակի և բազմակի մագիստրոսական կրթական ծրագրերի իրականացման իրավական հիմքերը, ազգային և համալսարանական կարգավորումները, ուսանողների ներգրավման մեխանիզմները և կրթական ծրագրերի արդյունավետ գործարկման փորձը։ Աշխատաժողովի կարևոր բաղադրիչներից էր «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի քննարկումը։ Օրվա երկրորդ կեսին հայկական համալսարանների ներկայացուցիչները հանդես եկան մագիստրոսական ներդրված ծրագրերի պիլոտային փորձարկման արդյունքների ամփոփ ներկայացումներով։ ԳՊՀ-ից Ս. Ալավերդյանը ներկայացրեց բուհում 2025–2026 ուստարվանից մեկնարկած «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական ծրագրի իրականացման ընթացքը և նկատված մարտահրավերները։
Աշխատաժողովի երկրորդ օրը ԵՄ-ի փորձագետների և ՀՀ ԲԿԳԿ ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվեցին խմբային քննարկումներ՝ ուղղված համատեղ և կրկնակի կրթական ծրագրերի կառուցվածքի, դրանց իրավական համապատասխանության, միջբուհական համագործակցության ձևաչափերի, ինչպես նաև ուսումնական ծրագրերի գնահատման համակարգերի կատարելագործմանը։ Քննարկումներն ուղղված էին նաև ազգային նոր կարգավորումներին ծրագրերի համապատասխանեցմանը:
Աշխատաժողովի երրորդ օրը մեկնարկեց ծրագրի կառավարման խորհրդի հանդիպմամբ։ Ծրագրի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, ձեռքբերումները, առաջիկա գործողությունները և անհրաժեշտ փոփոխությունները։ Դրան հաջորդեցին ԵՄ-ի փորձագետի՝ ծրագրի գործընկերների հետ առանձին հանդիպումները, որոնց ընթացքում փորձագետը ներկայացրեց իր դիտարկումներն ու նկատված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները։




