ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ «ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ
Ս.թ. ապրիլի 2-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ աշխատաժողով, որին մասնակցում էին հայաստանյան բուհական և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողներ և մասնագետներ։ ԳՊՀ-ից միջոցառմանը ներկա է եղել Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը:
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման նպատակն էր կիսել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում՝ բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակում ավարտված և ընթացիկ նախագծերի միջազգայնացմանը, կայունությանը և շարունակականությանն ուղղված քայլերը և հաջողակ փորձը, իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկները, կարևոր խորհուրդներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել առաջիկայում նախագծերի մշակման և իրականացման գործընթացում և այլն։
Մասնավորապես ներկայացվեցին իրականացված կամ իրականցվելիք միջազգային հետևյալ ծրագրերը՝ HARMONY, BOOST, SMARTI և SIN-NEC:
Աշխատաժողովի մասնակիցներն ընդգծեցին միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ ստեղծելու, Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով գործիքակազմ ունենալու, հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման, միջազգային բաժինների ռեսուրսները հարստացնելու, մարքեթինգային ծրագրերի և գործիքների մշակման անհրաժեշտությունը։
Իր ելույթում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց մասնակիցների ներգրավվածությունը քննարկմանը, ընդգծեց հարց ու պատասխանի անհրաժեշտությունը՝ միմյանցից սովորելու, կիրառած մեխանիզմներն ու միջազգային փորձը յուրացնելու տեսանկյունից։