ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապրիլի 9-ին «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում Գորիսի պետական համալսարան էին այցելել Վերիշենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ խմբակի պատասխանատու Հերմինե Հովսեփյանի  ուղեկցությամբ։

Քանի որ աշակերտները հետաքրքրված էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերով, նրանց հետ քննարկումներ անցկացվեցին այդ ուղղություններով։ ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Հայկ Օհանյանը խոսեց ծրագրավորման կարևորության, ծրագրավորման լեզուների բազմազանության, ծրագրավորման դրական և բացասական կողմերի, ոլորտի արագ զարգացման ու փոփոխություններին համընթաց քայլելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ այս բնագավառում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև անընդհատ սովորելու պատրաստակամություն, ճկուն մտածելակերպ և փոփոխություններին դիմակայելու ունակություն։ Նա ներկայացրեց նաև, թե ինչ հնարավորություններ է ընձեռում Գորիսի պետական համալսարանը ՏՏ ոլորտում առաջընթաց գրանցելու, մասնագիտական կարողությունները զարգացնելու, աշխատաշուկայի պահանջներին համահունչ կրթություն ստանալու, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար։ Քննարկման ընթացքում աշակերտներն արտահայտեցին իրենց պատկերացումները ծրագրավորման մասին, կիսվեցին ոլորտի նկատմամբ իրենց հետաքրքրությամբ։

Աշակերտները հնարավորություն ունեցան հեռավար ձևաչափով  հաղորդակցվելու ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, ռեկտորի խորհրդական Արկադի Հովհաննիսյանի հետ:  Ծանոթանալով աշակերտների նախասիրություններին և հետաքրքրություններին՝ նա ներկայացրեց «Իրավագիտություն» մասնագիտության կարևորությունը, արդիականությունը  և այն հնարավորությունները, որոնք Գորիսի պետական համալսարանը առաջարկում  է ապագա իրավաբաններին՝ այս ոլորտում հաջողության հասնելու համար:  Նա նաև խոսեց ԳՊՀ շրջանավարտների մասին, որոնք արդեն իսկ հաջողություններ են գրանցել այս ոլորտում՝ աշխատելով պետական կառույցներում, դատարաններում, փաստաբանական գրասենյակներում:

ԳՊՀ-ն ընտրելու, ԳՊՀ-ի ընձեռած հնարավորությունների մասին աշակերտների հետ իր փորձով կիսվեց  ԳՊՀ «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մեժլումյանը, որը  վերջերս մասնակցել է  Մարդու իրավունքների ձմեռային դպրոցին՝ նշելով, որ ԳՊՀ-ն ոչ միայն տալիս է որակյալ կրթություն, այլև օգնում է ուսանողներին գտնելու իրենց մասնագիտական ուղին, զարգացնելու իրենց  կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև տրամադրում է մասնակցության հնարավորություններ տարբեր ծրագրերում:

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը աշակերտներին ծանոթացրեց ԳՊՀ-ում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական կրթական ծրագրերին, այն հնարավորություններին, որոնք համալսարանն առաջարկում է մասնագիտական պրակտիկաների, միջազգային կրթական համագործակցությունների (Erasmus+), կրթաթոշակների և զեղչերի միջոցով:

Պետք է նշել, որ նման այցերը կարևոր խթան են բուհ-դպրոց կապերին նոր որակ հաղորդելու, դրանք ամրապնդելու, աշակերտների իրական հետաքրքրությունները բացահայտելու, նրանց մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը նպաստելու համար:

Facebook Comments