ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2020թ. հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի քաղաքացիական պաշտպանության շտաբի հերթական նիստը, որը վարեց ԳՊՀ ռեկտոր, քաղաքացիական պաշտպանության պետ Արտուշ Ղուկասյանը:
Շտաբի ղեկավար կազմին ԳՊՀ-ի ՔՊ պետ Արտուշ Ղուկասյանը ներկայացրեց ռազմական իրավիճակում Գորիսի պետական համալսարանի կողմից ռազմական դրության ընթացքում իրականացված և նախատեսվող աշխատանքների մասին:
«Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցները, ուսանողները գրեթե մեկ ամիս է, ինչ միասնական, կանոնակարգված կերպով աշխատում են՝ համատեղելով կրթության շարունակականության ապահովումն ու կամավորական գործունեությունը թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում: Համալսարանն ամենօրյա համագործակցություն է իրականացնում ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ պատասխանատու այլ կազմակերպությունների հետ՝ նպաստելով ձևավորված կամավորական խմբերի գործունեությանը: ԳՊՀ-ի հանրակացարանում և Գորիսի ու հարակից բնակավայրերի հյուրանոցներում ուսանողներն ու աշխատակիցները տեղավորել են Արցախից ժամանած մեր հայրենակիցներին, իրականացրել զինվորներին ու արցախցիներին տրամադրվող սննդի տեսակավորման, փաթեթավորման, տեղափոխման, տվյալների մուտքագրման, հագուստի հավաքագրման, տեսակավորման աշխատանքներ: ԳՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է դրամահավաք և ձեռք են բերվել անհրաժեշտ պարագաներ մեր հայրենակիցների համար: Ուսանողները արցախցի երեխաների ու պատանիների առօրյան կազմակերպելու համար կամավորության սկզբունքով իրականացրել են նաև ստեղծագործական, ուսումնաճանաչողական բնույթի այլ աշխատանքներ»,- նշեց ռեկտորը:
Ըստ ոլորտների անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ նա առաջարկեց շտաբի օղակների պատասխանատուներին ներկայացնել լրացուցիչ առաջարկություններ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:
Նիստին ԳՊՀ-ի ՔՊ շտաբի օղակների պատասխանատուները ևս ներկայացրին վերջին օրերին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները, ապա հանդես եկան միասնական առաջարկով՝ ԳՊՀ-ի կողմից Հայաստան համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին տրամադրելու հերթական ֆինանսական օժանդակությունը: