ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում ընթանում են 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները 6-շաբաբաթյա մանկավարժական պրակտիկան անցակցրել են իրենց բնակավայրերի՝ Վերիշենի, Տեղի, Շինուհայրի և Որոտանի միջնակարգ դպրոցներում: Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին փորձուսուցման ընթացքում իրենց կիրառած մանկավարժական մեթոդները, անցկացրած դասերի պլան–կոնսպեկտները, ձեռք բերած փորձը և հմտությունները:
Պրակտիկայի պատասխանատուները շեշտեցին, որ փորձուսուցումը ուսումնառության կարևոր փուլերից մեկն է, և ուսանողները այն արդյունավետ են կազմակերպել՝ գնահատվելով ըստ արժանվույն:
Շինուհայրի միջնակարգ դպրոցում իր պրակտիկան անցկացրած և մի շարք միջոցառումներ կազմակերպած շնորհալի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը նշում է. «Ինձ համար ապագա մանկավարժ լինելը մեծ պատիվ է, աշխատանք, որը պետք է կատարել բարեխղճորեն, անձնվիրաբար: Եվ ամենակարևորը՝ նախքան մանկավարժ լինելը պետք է լինել լավ հոգեբան»:
Բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներն էլ արտադրական պրակտիկա են անցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են քաղաքացիաիրավական պայմանագրերի նախագծերի կազմմանը, մասնակցել դատական նիստերի, ծանոթացել իրավաբանական փաստաթղթերին (իրավական ակտեր, փորձագետի եզրակացություններ հակառակորդ կողմի միջնորդություններ, հայցեր, հայցադիմումի պատասխաններ և այլն), և պրակտիկայի պաշտպանության ընթացքում ներկայացրին իրենց ձեռք բերած պրակտիկ հմտությունները: