ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ», «ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում շարունակվում են 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները:

«Կերպարվեստ» և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»   մասնագիտությունների երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում:

Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին փորձուսուցման ընթացքում իրենց կատարած աշխատանքները, SWOT վերլուծության միջոցով իրենց ուժեղ և թույլ կողմերը, կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները, այն խնդիրները, որոնք առաջ են եկել դասերի վարման ընթացքում, ձեռք բերած փորձը:

Խոսելով «Կերպարվեստ» առարկայի կարևորության մասին՝ ուսանողների մտահոգությունն այն էր, որ առարկան չհամարվի երկրորդային առարկա, երեխաների մոտ զարգանա սերը արվեստի հանդեպ: Նրանք կարևորեցին  դասին դիդակտիկ նյութերով, նկարազարդ գրքերով, էսքիզներով, ցուցանմուշներով աշխատանքը, որոնք դասերը դարձրել են ավելի հետաքրքիր և ուսուցողական, ինչպես նաև զարգացրել են երեխաների երևակայությունը:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»   մասնագիտության ուսանողները խոսեցին անցկացրած բաց դասերի, այցելությունների, տեղեկատվական հանդիպումների, անհատական և խմբային աշխատանքների, դասալսումների մասին:

Պրակտիկայի պատասխանատուներն իրենց գոհունակությունը հայտնեցին ուսանողներից՝ հետաքրքիր, արդյունավետ և հագեցած դասեր վարելու համար:

Facebook Comments