ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում ընթանում են 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները:
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում, Քարահունջի միջնակարգ դպրոցում և Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին փորձուսուցման ընթացքում իրենց կատարած աշխատանքները, SWOT վերլուծության միջոցով իրենց ուժեղ և թույլ կողմերը, կիրառած մանկավարժական մեթոդները, հնարները` դասը հետաքրքքիր լուծումներով անցկացնելու, այն խոչընդոտները, որոնք առաջ են եկել դասերի վարման ընթացքում և հաղթահարման ուղիները, ձեռք բերած փորձը, նոր չափորոշիչներով ուսուցման առանձնահատկությունները։
Ուսանողները կարևորեցին յուրաքանչյուր դասի համար կազմված ուսումնական պլան-կոնսպեկտները, որոնք օգնում են ճշգրիտ և նպատակային դարձնել ուսուցումը։
Ուսանողուհի Էմիլիա Աբրահամյանը նշում է. «Մանկավարժական պրակտիկան մեծ հնարավորություն էր, որ հասկանամ, թե արդյոք ճիշտ մասնագիտություն եմ ընտրել: Ինձ թվում էր՝ ես չեմ կարող աշխատել երեխաների հետ, սակայն պրակտիկան օգնեց վերաիմաստավորել մասնագիտությունս: Տեսնելով երեխաների սերը, ոգևորվածությունը՝ հասկացա, որ ճիշտ վայրում եմ, և սա իմ երազանքների մասնագիտությունն է»:
Շարունակելով կուրսընկերուհուն՝ Սոնա Հարությունյանը ավելացնում է. «Մեր օրերում դպրոցում աշխատելը շատ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է։ Դեռ դպրոցական տարիներից ինձ գրավել է մանկավարժի աշխատանքը և այս պրակտիկայի ընթացքում էլ ավելի եմ հասկացել, որ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս, ճիշտ եմ կողմնորոշվել և պատրաստ եմ աշխատել այս ոլորտում»։
Պրակտիկայի պատասխանատուներն իրենց գոհունակությունը հայտնեցին ուսանողներից՝ նշելով, որ փորձուսուցման ընթացքում նրանք կարողացել են անհրաժեշտ չափով դրսևորվել որպես մանկավարժ ու հոգեբան և իրականացնել արդյունավետ դասավանդում: