ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԽԱՐԿՈՎՈՒՄ. ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՔԱՐ

Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Խարկովի Վ.Դոկուչաևի անվան ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ հիշարժան իրադարձություն՝ հանդիսավորությամբ բացվեց հուշաքար՝ պատմական հավերժախոս վկայությամբ, որ 1920-1923 թվականներին այդտեղ ուսանել է հայազգի մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը՝ ստանալով ագրոնոմի որակավորում: Ազգանվեր նախաձեռնությունը պատկանում է խարկովաբնակ նվիրյալ մի ընտանիքի՝ ի դեմս Արմեն Թամազյանի, որ նաև հուշակոթողի հեղինակն է և Սուսաննա Ղազարյանի, ով, լինելով Վանաձորի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի և տեղի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արժանավոր շրջանավարտը, երկար տարիներ Խարկովի հայկական կիրակնօրյա դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայ երեխաներին՝ օտար ափերում վառ պահելով հայ մշակույթի ջահը: Ձեռնարկի իրագործմանն իրենց նպաստն էին բերել նաև Խարկովի հայ հոգևոր դասի ու հայկական համայնքի ներկայացուցիչները, ԽԱԱՀ-ի ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Ա. Ուլյանչենկոյի: Հուշաքարի բացմանը ներկա էր Խարկովի բարձրաստիճան էլիտան, որոնց թվում՝ Խարկովի մարզային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չերնովը, Խարկովի տարածաշրջանային պետական ​​վարչության պետի տեղակալ Անատոլի  Բաբիչևը,  Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավար Յուրի Ռաինան, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Սրբազանը, Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու «Սուրբ Հարություն» եկեղեցական համայնքի նախագահ Արմեն Բակմանյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Խարկովի հայ համայնքի նախագահ Արամայիս Հովհաննիսյանը,  Խարկովի հայ հոգևոր հովիվը՝ Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Մկրտիչ Գրիգորյանը և ուրիշներ: Հուշաքարը բացվեց Խարկովի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա.Ուլյանչենկոյի անմիջական մասնակցությամբ, թեմի առաջնորդ Մարկոս Սրբազանի օրհնության աղոթքով: Հայաստանից՝ Բակունցի ծննդավայր Գորիսից, նույնպես պատվիրակություն էր այցելել Խարկով, որոնց թվում՝ Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, գրականագետ Թեհմինա Մարությանը, ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, գրողի ազգականներից Արմիկ Բակունցը: Հադիսության պատվավոր հյուրերից էր  Ուկրաինայում հայտնի հայագետ, բազմաթիվ հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ Իրինա Գայուկը Լվովից: Մոսկվայից հանդիսությանը մասնակցում էր արմատներով Գորիսից, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը, ինչպես նաև Ուկրաինայի հայազգի վաստակավոր գեղանկարիչ, արմատներով Կապանից Գառնիկ Խաչատրյանը Դնեպրից: Ներկաները բարձր գնահատեցին նախաձեռնությունը՝ համարելով այն հայ-ուկրաինական մշակութային հարաբերությունների սերտացման յուրօրինակ կամուրջ, որ կապում է հայ ժողովրդի նշանավոր գրողն ու Խարկովի ագրարային համալսարանի շրջանավարտը՝ Ակսել Բակունցը: Ինչպես իր խոսքում նշեց ԽԱԱՀ-ի ռեկտոր Ուլյանչենկոն՝ պատահական չէ, որ այդ կարևոր իրադարձությունը տեղի է ունենում հենց շրջանավարտների խորհրդանշական օրը, ինչը նշանավորվեց նաև հայազգի գրողի՝ Խարկովի ագրարային համալսարանի երբեմնի տաղանդավոր շրջանավարտը լինելու պատմական փաստով և գրեթե 100 տարի անց դրա փառահեղ վկայակոչմամբ: Հուշաքարի բացմանը հաջորդեց համալսարանի 203–ամյա պատմությունը ներկայացնող թանգարանում Բակունցին նվիրված ցուցափեղկի բացմամբ, թանգարանի տնօրեն Ելենա Գոլիկովայի բովանդակալից ելույթով ու ներկաների ջերմ տպավորությունների փոխանցմամբ: Համալսարանի արխիվից առաջին անգամ թանգարանում ցուցադրվեց 1923թ. ավարտական փաստաթուղթը, որը վկայում է Ակսել Բակունցի՝ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի (հիմա՝  ԽԱԱՀ) շրջանավարտը լինելու բարեշահ փաստը: Հրավիրված էր նաև կլոր սեղան, որն ուղեկցվեց մեծարման ելույթներով, Բակունցի կյանքի ու ստեղծագործության շուրջ թեմատիկ զեկուցումներով, բազմաթիվ շնորհակալագրերի ու հուշանվերի հանձնմամբ, ուղերձների ներկայացմամբ: Համալսարանի ղեկավարությանն ու Թամազյան ընտանիքին շնորհակալագրեր  փոխանցվեցին Հայաստանի գրողների միության, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության, Գորիսի պետական համալսարանի, Գորիսի համայնքապետարանի, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի, հայկական այլ կառույցների ու կազմակերպությունների, ինչպես նաև անձամբ Բակունցի ընտանիքի՝ նրա թոռնուհիներ Ալլա ու Իրինա Բակունցների կողմից: Միջոցառման մասնակիցները համայն հայության անունից երախտագիտություն հայտնեցին Թամազյան ընտանիքին, Խարկովի հայ հոգևոր դասի ներկայացուցիչներին, խարկովաբնակ հայերին, Բակունցի ուսանած համալսարանի ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Ա.Ուլյանչենկոյի, պրոռեկտոր Ս.Վասիլիշինի, ովքեր ամենայն սիրով ու պատրաստակամությամբ ողջունեցին մշակութանվեր գաղափարը և ամեն կերպ աջակցեցին դրա իրականացմանը՝ ի նշան երկու երկրների բարեկամության, Խարկովի հայ համայնքի հետ կապերի ամրապնդման: Բացառիկ նվիրումի ու համատեղ ջանքերի արդյունքում հեռավոր Խարկովում՝ իր ուսանած բուհի երկրորդ մասնաշենքի կենտրոնական մուտքի դիմաց հուշաքարի տեսքով այսուհետ հազարավոր ուսանողներին կողջունի Ակսել Բակունցի իմաստուն հայացքը՝ մնայուն գրով առ այն, որ հայ ժողովրդի մեծանուն զավակն է և այդ տարաշխարհիկ, բայց սիրելի կրթօջախի արժանավոր շրջանավարտը: Հ.Գ. Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը Խարկովի ազգային ագրարային համալսարանում Ակսել Բակունցի 120-ամյակի առթիվ հրավիրված կլոր սեղանին հանդես եկավ «Ակսել Բակունցը և Գոգոլի «Տարաս Բուլբան» խորագրով զեկուցումով և ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանի ու պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնեց ԽԱԱՀ-ի ղեկավարությանը, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչ Սուսաննա Ղազարյանին: Թ.Մարությանին պաշտոնապես ընդունեց նաև ԽԱԱՀ-ի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Ուլյանչենկոն և, շնորհակալություն հայտնելով Գորիսի պետական համալսարանի ղեկավարությանը ԽԱԱՀ պատվիրակ ուղարկելու և Ակսել Բակունցին նվիրված միջոցառմանը բարձր ներկայանալիություն ապահովելու համար, խորհրդանշական նվերներ փոխանցեց ԳՊՀ-ին՝ ի նշան հայ-ուկրաինական կրթամշակութային կապերի ամրապնդման:

Նոննա Միրզոյան

Facebook Comments