ԱԵԳՄՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

«Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-15-ը Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 4-րդ երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին և նպատակ ուներ քննարկելու հայոց պետականության` մասնավորապես վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները, ձեռքբերումները, հեռանկարային զարգացման գերակայությունները, բացահայտելու երիտասարդ հետազոտողների գիտական ներուժը և երիտասարդացնելու գիտությունը:

Գիտաժողովի համակազմակերպիչներն էին ԵՊՀ-ն ու Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը:

Միջազգային ասպարեզում ակադեմիական բարձր վարկանիշ ունեցող գիտաժողովը հայ և օտարերկրացի անվանի գիտնականների, երիտասարդ հետազոտողների մասնակցությամբ արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում Արցախում և հանդիսանում է ԱԵԳՄՄ-ի գլխավոր միջոցառումը:  Միավորման գլխավոր առաքելությունը՝ գիտական դիվանագիտության զարգացման միջոցով Արցախն աշխարհում ճանաչելի դարձնելը, Արցախում գիտահեն միտքը խթանելը, գիտության մեջ արժանի սերնդափոխություն ապահովելը և, այդպիսով, գիտության զարգացմանն ու հանրայնացմանը նպաստելը, լիովին համապատասխանում է միջազգային գիտաժողովի կազմակերպման գաղափարին, թեմատիկ ուղղվածությանը, գիտագործնական առաքելությանը:

Գիտաժողովին առկա և հեռակա ձևաչափով մասնակցում էին 100-ից ավելի գիտնականներ և մասնագետներ Գերմանիայից (Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավ.գիտ. դոկտոր Օտտո Լուխտերհանդտ), Ֆրանսիայից (Արևմտահայոց ազգային համագումարի նախագահ, իրավ.գիտ.դոկտոր Սուրեն Սերայդարյան), Լեհաստանից (Օլշտինի Վարմիա և Մազուրի պետական համալսարանի քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, ք.գ.դ., պրոֆեսոր Արկադիուշ Ժուկովսկի, ք.գ.դ.. պրոֆեսոր Մարեկ Ժեյմո, Լեհաստան-Հայաստան տնտեսական պալատի նախագահ, ք.գ.թ. Զբիգնև Շմուրլո), Ռուսաստանից (Կոստրոմայի պետական համալսարանի պրոռեկտոր, ի.գ.դ. Վլադիսլավ Գրուզդև և Նովոսիբիրսկի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իգ.դ. Վլադիսլավ Տոլստիխ և ուրիշներ), Ուկրաինաից (Լվովի արվեստի ազգային ակադեմիայի արվեստի մենեջմենթի ամբիոնի դոցենտ, փիլիս.գիտ.թեկնածու, հայագետ Իրինա Հայուկ և ուրիշներ), Հարավային Օսեթիայից (Զ.Վանեևի անվան հարավօսական գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոկտորանտ, ք.գ.թ. Սոսլան Պլիև, Հարավօսական պետական համալսարանի գիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.Թայմուրազ Տադտաև) և այլ երկրներից: Հայաստանից ու Արցախից գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, փիլիսոփայության, սոցոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ինչպես նաև գիտական տարբեր կենտրոնների ու կազմակերպությունների երիտասարդ գիտնականներ ու հետազոտողներ:

ԱԵԳՄՄ-ն, հետամուտ գիտական դիվանագիտության իրականացման իր գլխավոր առաքելությանը, այս տարի նույնպես գիտաժողովի աշխատանքներում ներգրավվել էր անվանի ու փորձառու գիտնականների, որոնք ոչ միայն հանդես եկան լիագումար զեկուցումներով, այլև նախագահեցին բաժանմուքներում` իրենց փորձը փոխանցելով երիտասարդ հետազոտողներին:

Գիտաժողովի մեկնարկին ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը, հանգամանալից ներկայացնելով գիտաժողովի նպատակը, նշանակությունն ու կարևորությունը, փաստեց, որ «մասնակիցների որակյալ կազմը, զեկուցումների թեմատիկ շրջանակը հրաշալի նախադրյալներ են ստեղծում` մեկտեղելու հայոց պետականության հիմնախնդիրներով զբաղվող գիտնականներին, լսելի և քննարկելի դարձնելու գիտության մեջ նախաքայլեր անող երիտասարդների նորահայաց տեսակետները, ստեղծելու բարենպաստ մթնոլորտ` գաղափարների փոխանակման, գիտական երկխոսության ծավալման, արտասահմանյան գիտական հաստատությունների ու գիտնականների հետ համագործակցության ձևավորման համար, ինչպես նաև հուսալու, որ նրանցից շատերը կդառնան Արցախի գիտության դեսպանները` Արցախի Հանրապետությանն առնչվող իրողությունների վերաբերյալ տարբեր միջազգային հարթակներում, մասնագիտական բնագավառներում ներկայացնելով բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն»: Նա համոզմունք հայտնեց, որ նաև այսպիսի միջոցառումների կազմակերպմամբ Արցախն աստիճանաբար կդառնա արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն:

Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, պաշտոնատար այլ անձինք, որոնք հանդես եկան ելույթներով և ուղերձներով:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին չորս բաժանմուքներում` Իրավագիտություն, Քաղաքագիտություն, Պատմություն, Տնտեսա­գի­տություն,  Արվեստագիտություն, գրականագիտություն, լրագրություն և մանկավարժություն: Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում էր բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:

Գիտաժողովի աշխատանքներին իր մասնակցությունը բերեց նաև Գորիսի պետական համալսարանը, որ սույն տարվա մայիսից փոխհամագործակցային հարաբերություններ է ձևավորել Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորման հետ և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության նախաձեռնություններին: Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ էր նաև ԳՊՀ պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԵԳՄՄ անդամ Թեհմինա Մարությանը: Համանախագահելով գիտաժողովի արվեստագիտության, գրականագիտության, լրագրության և մանկավարժության բաժանմունքում՝ նա հանդես եկավ «Սերո Խանզադյանի «Ղարաբաղը կրակների մեջ» գեղարվեստական վավերագրության պատմաճանաչողական արժեքը» զեկուցումով: Գիտաժողովին մասնակցում էր նաև ԳՊՀ պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների և սփյուռքի բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը` որպես պատմության բաժանմունքի նախագահ, որ հանդես եկավ «Ռոստոմ Զորյանի դերը Բաքվի 1918թ. հերոսամարտի կազմակերպման և նորանկախ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում» զեկուցումով: Գիտաժողովին հեռակա ձևաչափով մասնակցեց նաև ԳՊՀ պատմության ամբիոնի դասախոս Գայանե Շաբունցը` «Վերաբնակեցման խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային թևում(Բարկուշատ գյուղի օրինակով)» զեկուցումով:

Գիտաժողովի շրջանակներում իրականացվեցին պաշտոնական հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Գիտաժողովին մասնակցող օտարերկրացի գիտնականների հետ ճեպազրույցներ կազմակերպվեցին Արցախի համալսարաններում: Օրակարգը հագեցած էր նաև պատմաճանաչողական այցերով դեպի Դադիվանք, Գանձասար, Տիգրանակերտ, Արցախի պատմաերկրագիտական թանգարան, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունների թանգարաններ:

Գիտաժողովի աշխատանքներն ամփոփվեցին եզրափակիչ նիստով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: Գիտաժողովի բաժանմունքների նախագահողները հաղորդումներ ներկայացրին քննարկումների արդյունքների մասին, որոնք ընդհանուր առմամբ հատկանշվում էին գիտական արգասիքի բազմակողմանիությամբ և արդիականությամբ: Փակման արարողությանը հաջորդեց մամլո ասուլիսը` հայ և օտարերկրյա գիտնականների մասնակցությամբ և ջերմ տպավորությունների փոխանցմամբ:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանը, եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնելով մասնակիցներին գիտաժողովի հանդեպ ունեցած հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար, շեշտեց, որ վերջին երեք տարիների ընթացքում մոտ 250 մասնակիցների միջև կապի հաստատումը, նրանց գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործումը դարձել է Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորման հաջողություններից մեկը, ինչը կլինի շարունակական և գիտաժողովի իրականացման հայանպաստ գաղափարի շուրջ կմեկտեղի ավելի շատ մասնակիցների` ավելի լայն աշխարհագրությամբ: Ա.Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ԱԵԳՄՄ-ի կողմից հիմնադրված և ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի 2019 թվականի թիվ 2-րդ և 2020 թվականի թիվ 1 համարներում: Նշենք, որ պարբերականը ԱԵԳՄՄ-ի ամենահաջող նախագծերից է և լիովին համապատասխանում է կազմակերպության առաքելությանը՝ կապված գիտական դիվանագիտության միջոցով Արցախի ճանաչելիության շարունակական բարձրացման հետ:

Միջազգային գիտաժողովի շրջանակներում կյանքի կոչվեց ԱԵԳՄՄ-ի բացառիկ նախաձեռնությունը` «Արցախի գիտության դեսպան» կոչման և համանուն մեդալի հիմնադրումն ու անդրանիկ պարգևատրությունը: «Արցախի գիտության դեսպան» կոչում և մեդալ ԱԵԳՄՄ-ն շնորհում է այն անձանց, որոնք նշանակալի ավանդ ունեն գիտական հետազոտությունների, գյուտերի, գիտական դիվանագիտության զարգացման ու տարածման միջոցով Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, ինչպես նաև այլ ակնառու ծառայությունների համար՝ ի նպաստ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Կոչման առաջամարտիկները դարձան Գերմիանիայի Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Օտտո Լուխտերհանդտը և քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն Լեհաստանից: Արցախի գիտության անդրանիկ դեսպանները, շնորհակալություն հայտնելով ԱԵԳՄՄ նախագահ Ա.Հարությունյանին` իրենց վաստակը գնահատելու և նման պարտավորեցնող կոչման ու մեդալի արժանացնելու համար,  խոստացան շարունակել նպատակադիր գործունեությունը` ի շահ Արցախի միջազգային ճանաչման, գիտատեխնիկական զարգացման ու առաջընթացի:

«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մասնակիցներն ընդունեցին ու հանրայնացրին բանաձև` որոշելով մեկտեղել մասնակից երկրների ներկայացուցիչների ջանքերն՝ ակադեմիական շարժունության ապահովման ու փորձագիտական միասնական ցանցի ստեղծման նպատակով, ակտիվացնել մասնակից երկրների երիտասարդ գիտնականների ու մասնագետների գիտական, ակադեմիական շփումները՝ խթանելով հետազոտական համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացումը, ձևավորել միջազգային գիտական համագործակցության ձևավորման նոր ինստիտուցիոնալ հարթակներ, մասնակից երկրների երիտասարդության շրջանում հանդես գալ խաղաղության, հանդուրժողականության, համերաշխության ու մարդասիրական այլ արժեքների տարածման ու հանրահռչակման նախաձեռնություններով, ինչպես նաև ձևավորել միջազգային համակարգող խորհուրդ՝ 2020թ.-ի սեպտեմբերին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելիք հոբելյանական 5-րդ միջազգային երիտասադրական գիտաժողովի կազմակերպման նպատակով։

Գորիսի պետական համալսարանը հաջողություններ է մաղթում գործընկեր կազմակերպությանը` ԱԵԳՄՄ-ին` Արցախում գիտության զարգացման նոր շեշտադրումների կյանքի կոչման և միջազգայնացման շնորհակալ գործում:

Նոննա Միրզոյան

Facebook Comments