Conferences

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ – 120. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի մեծանուն վարպետ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին գիտության հինգ դոկտորներ, մեկ տասնյակից ավելի գիտության թեկնածուներ, հետազոտողներ  ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, պատմության ինստիտուտից, հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Հայաստանի ազգագրության թանգարանից, Կրթության ազգային ինստիտուտից, Արցախից, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանից:
Գիտաժողովին ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ:
Բացման խոսք ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ գիտաժողովի նպատակը Ակսել Բակունցի ստեղծագործության նորովի արժևորումն է, այնպիսի հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա քննարկելու գիտատեսական նոր հարցադրումներ՝ կապված մեծանուն արձակագրի գրական ժառանգության ուսումնասիրության հետ: Նա կարևորեց զեկուցումների թեմատիկ բազմազանությունը, ոչ միայն գրականագետների, այլև պատմագետների, բանագետների ու ազգագրագետների մասնակցությունը գիտաժողովին՝ Բակունցի ստեղծագործության հարուստ շերտերը բացահայտելու և գիտական նորույթներ բացահայտելու նպատակադրումով:
Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժևորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստականության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երևույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարարականի բարձրարվեստ համաձուլման գրական ու գրականագիտական ձիրքը:
Զեկուցումներով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը (Ակսել Բակունցը 1930-ական թթ. գրապայքարի բովում), բ.գ.դ., պրոֆեսոր Վանո Եղիազարյանը (Ռոստոմ Թումանյանի կերպարը Ակսել Բակունցի ստեղծագործության մեջ ), բ.գ.դ., դոցենտ Թամար Հայրապետյանը (Ակսել Բակունցի ստեղծագործության ժողովրդագիտական և մշակութաբանական հենքը), բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյանը(Հայերենի բարբառները Բակունցի ստեղծագործություններում), պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը (Ակսել Բակունցը Գորիսի ծխական դպրոցի աշակերտ)Արցախի պետական արխիվի վարիչ Լեռնիկ Հակոբյանը (Գաղթականի կերպարը Բակունցի ստեղծագործության մեջ), ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը(Հայկական տարազի ու զարդարանքի արտացոլանքը Ակսել Բակունցի երկերում), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ղազարյանը (Ակսել Բակունցի դերը հայ-ադրբեջանական սահմանների ճշտման  խնդրում(1920-ական թվականներ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նարինե Շամամյանը («Յար խուշտա» պարի վկայությունները Ակսել Բակունցի Ծիրանի փողը պատմվածքում), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սիրանույշ Առաքելյանը (Ակսել Բակունցը «Խաչատուր Աբովյան» վեպի շուրջ), բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը (Ակսել Բակունցը և Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան»), բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը (Դարձվածային միավորները Ա.Բակունցի «Կարմրաքար» վեպում), պ.գ.թ. Արմեն Կարապետյանը («Ակսել Բակունցը անխարդախ ժողովրդայնության առաջամարտիկ խորհրդահայ գրականության մեջ» աշխատությունը), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը (Ա.Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքի բառապատկերային շերտերը), հ.գ.թ., դոցենտ Նազելի Հախվերդյանը(Ա.Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքի հոգեբանական վերլուծություն),  ԳՊՀ ՄՀ ամբիոնի դասախոսներ Նելլի Բաղդագյուլյանն ու Հերմինե Ալավերդյանը (Գեղագիտական դաստիարակության դրսևորումները Ա.Բակունցի ստեղծագործություններում), Կարինե Միրաքյանը (Ա.Բակունցի ստեղծագործությունների մանկավարժական-դաստիարակչական նշանակությունը): Գիտաժողովին հեռակա մասնակցություն էին բերել բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը (Տեսիլը Ակսել Բակունցի պատմվածքներում),  բ.գ.թ. Մերի Հովհաննիսյանը (Գունային խորհրդանիշները Տերյանի և Բակունցի ստեղծագործություններում) , պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը (Պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի ներդրումը բակունցագիտության բնագավառում) և ուրիշներ:

Գիտաժողովն ընթացավ լիագումար երկու նիստերով, որոնք նախագահում էին համալսարանի պատվավոր հյուրերը՝ բ.գ.դ., պրոֆեսորներ Դավիթ Գասպարյանն ու Վանո Եղիազարյանը: Գիտաժողովի փակմանը ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանի շնորհակալական խոսքից հետո նիստերի նախագահողները ներկայացրին իրենց տպավորությունները՝ բարձր գնահատելով զեկուցումների գիտականությունը, արդիականությունը, գիտաժողովի կազմակերպչական մակարդակը:
Ելույթ ունեցավ նաև ԳՊՀ գիտական քարտուղար, գիտաժողովի կազմակերպիչ Թեհմինա Մարությանը՝ նախնական մանրամասներ ներկայացնելով Ակսել Բակունցի հոբելյանական միջոցառումների շրջանակում Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում ԳՊՀ-ԱԵԳՄՄ շրջանակներում հայտարարված շարադրության մրցույթի արդյունքների մասին: Այդ առթիվ Գորիսի պետական համալսարանում հունիսի 26-ին կկազմակերպվի մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն բոլոր մասնակիցները:
Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված գիտաժողովը Բակունցի ստեղծագործության գնահատությունը ևս մեկ էջով լրացնելու փորձ էր, որը կլինի շարունակական:

Նոննա Միրզոյան

«ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ». ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 19-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց բուհի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկօրյա հանրապետական գիտաժողովը, որին մասնակացում էին Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Սպահանի համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, ԼՂՀ պետական արխիվի, ՀՀ Մշակույթի նախարարության բազմաթիվ անվանի գիտնականներ ու մշակույթի գործիչներ: Գիտաժողովի աշխատանքներում ներգրավված էր նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը:
Գիտաժողովը նվիրված էր Սյունիքի պատմամշակութային ժառանգության, կրթական գործի ձեռքբերումների համակողմանի ուսումնասիրություններին:
Գիտաժողովի բացման արարողությանն ու լիագումար նիստին ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, շնորհավորեց Գորիսի պետական համալսարանի 50-ամյա տարեդարձի առթիվ, որը ոչ միայն համազգային ու կրթամշակութային հոբելյան է, այլև գիտակրթական ասպարեզում կրթօջախի ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում: Խոսելով գիտաժողովի օրակարգի, թեմատիկ բազմազանության, գիտագործնական նշանակության ու առաքելության մասին՝ ռեկտորը հավելեց, որ գիտաժողովը յուրատեսակ հարթակ է՝ ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում: Նա շնորհակալություն հայտնեց գիտակրթական այն բոլոր կառույցներին, որոնց ներկայացուցչական կազմերը մասնակցում են գիտաժողովի աշխատանքներին՝ իրենց գիտական ներուժը ներդնելով Սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման, կրթության ու մշակույթի զարգացման գործում:
50-ամյա հոբելյանի առթիվ կրթօջախում առաջին անգամ հնչեց նորաստեղծ օրհներգը, որի խոսքերի հեղինակը մերօրյա տաղանդաշատ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ պրոֆեսոր, մեր հայրենակից Արկադի Շեկունցը:
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի օրհնությունից ու բարեմաղթանքներից հետո ողջույնի խոսք ասաց Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը՝ հավաստելով, որ ստեղծման օրից բուհը մեծ դեր է խաղացել մարզի կրթամշակութային կյանքում և նվաճել հաստատուն տեղ հանրապետության բուհերի շարքում: «Համալսարանի անցած ճանապարհի արդյունավետության վկայությունը բազմաթիվ նվաճումներն են, հաստատության հեղինակության շարունակական բարձրացումը, աշխատաշուկայում բուհի շրջանավարտների մրցունակությունը»,-նշեց փոխմարզպետը:
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորանքի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ բարձր գնահատելով Գորիսի պետական համալսարանի դերը տարածաշրջանում և Արցախի հետ կապի ամրապնդման գործում: «Կրթօջախի շնորհիվ երիտասարդ սյունեցին իր տանն է` կապված իր հող ու ջրին, իր ազգային ու մշակութային ակունքներին»: Նա կարևորեց երկու համալսարանների փոխգործակցության շարունակականությունը՝ բազմաթիվ կենսաշահ ծրագրերի իրականացման հեռանկարներով:
Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ուղերձ էր հղել ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ուղերձը ներկայացրեց ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը («Գորիսի պետական համալսարանի անցած ուղին. ձեռքբերումները և զարգացման հեռանկարները»), ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը («Սյունյաց Մեծ անապատը և հայ հոգևոր կյանքի վերածնունդը») և պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Կրթական գործի սկզբնավորումը Գորիսում. Սբ Հռիփսիմեի եկեղեցական-ծխական դպրոցի պատմությունից»):
Լիագումար նիստից հետո գիտական նստաշրջանի երկօրյա աշխատանքը ծավալվեց չորս մասնախմբերում՝ ա) պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ, բ) բանասիրական ուսումնասիրություններ, գ) կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները, դ) բնագիտական ուսումնասիրություններ:
Գիտաժողովին ներկայացված 100-ից ավելի հայտերից զեկուցման էին երաշխավորվել 80-ը: Ծրագրում ընդգրկված զեկուցումները վերաբերում էին Սյունիքի պատմության և մշակույթի ողջ լայնույթի (հնագիտություն, ազգագրություն,բանագիտություն, լեզու, արվեստ և այլն) հիմնահարցերին: Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում էր բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:
Պատմության, հնագիտության, ազգագրության և արվեստի մասնախմբի երեք նիստերում (համանախագահներ՝ Ալբերտ Խառատյան, Գևորգ Ստեփանյան, Թամար Հայրապետյան) լսվեցին 30 զեկուցումներ, որոնց թվում՝ «Գաղթը Սյունիքից Զմյուռնիա (17-18-րդ դարեր)» (Ալբերտ Խառատյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ), «Ստեփանոս Օրբելյանը և Խաչատուր Կեչառեցին որպես ընկեր ու համախոհ» (Սարգիս Մխիթարյան, ԵՊՀ, բ.գ.դ.), «Զանգեզուրի գավառի առաջին պարբերական մամուլը. «Գավառ» շաբաթաթերթը» (Գևորգ Ստեփանյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., պրոֆեսոր), «Բանահյուսական նյութերի հավաքման և հրատարակման պատկերը Զանգեզուրում (ըստ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի գրառումների)» (Թամար Հայրապետյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ԵՊՀ, բ.գ.դ.), «Գորիսի «Սասուն» տպարանի գրահրատարակչական գործունեությունը (1909-1921թթ.)» (Համո Սուքիասյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.թ., դոցենտ), «Արցախը Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում» (Լեռնիկ Հակոբյան, ԼՂՀ պետական արխիվի տնօրեն,բ.գ.թ.), «Պատմական Սյունիքի ճանապարհացանցի հետազոտման խնդիրները. մեթոդաբանական ակնարկ» (Մկրտիչ Զարդարյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), Նորա Ենգիբարյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), Համլետ Սարգսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), «Սյունիքի տարազը. ավանդույթներ և արդիականություն» (Սվետլանա Պողոսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), «Գորիսի և Կապանի թատրոնները. թատերական մշակույթը Սյունիքում» (Արմեն Հարությունյան, ԵԹԿՊԻ, արվեստագիտ.թեկ.,դոցենտ), «Նորահայտ վիմագրեր Մադինայի տոհմական գերեզմանատնից» (Սուսաննա Ադամյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.), «Հայոց Մեծ Մովսեսը (Մովսես Գ Տաթևացի (Խոտանանցի)» (Սամվել Ալեքսանյան («Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող), «Սյունիք-Զանգեզուրի և Արցախի բարձրադիր սրբավայրերի կապը նախապատմական հսկաների առասպելաբանության հետ» (Լիլիթ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.) «Սողոմոնյան սյուժեները Սյունիքի բանահյուսական ժառանգության մեջ» (Էսթեր Խեմչյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, բ.գ.թ.), «Ծննդով սյունեցի երևելի գործիչներն աշխարհում» (Արծվի Բախչինյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, բ.գ.թ.), «Հին Գորիսի մելիքական ապարանքի պեղումները» (Արման Նալբանդյան, ՀՀ Մշակույթի նախարարություն), «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը և Սյունիքի պատմահնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը» (Տիգրան Ալեքսանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Ժողովրդական ավանդությունները Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում» (Սիրանույշ Առաքելյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Սյունիքի հեքիաթների խորհրդատու և նվիրատու պառավը (համադրությամբ պատմաազգագրական այլ տարածաշրջանների հեքիաթների)» (Մարինե Խեմչյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Սյունիքն ըստ սեպագիր արձանագրությունների» (Վահե Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), «Սյունեցի երաժիշտների ներդրումը 20-րդ դարի հայ մշակույթում» (Գայանե Թադևոսյան, Կրթության ազգային ինստիտուտ) և այլն:
«Բանասիրական ուսումնասիրություններ» մասնախմբի երեք նիստերում (համանախագահներ՝ Աելիտա Դոլուխանյան, Վանո Եղիազարյան, Հայկանուշ Մեսրոպյան,) լսվեցին 24 զեկուցումներ, որոնց թվում՝ «Սյունեցիները և հայ հին գրականությունը» (Վանո Եղիազարյան, ՎՊՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Ստալինյան բռնաճնշումների 80-րդ տարելից. Ակսել Բակունցի ձերբակալությունը, դատավարությունը, գնդակահարությունը» (Դավիթ Գասպարյան, Կրթության ազգային ինստիտուտ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Գորիսի բարբառի իրողություններ Ակսել Բակունցի արձակում» (Վազգեն Համբարձումյան, ՀՊՄՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Ն.Վարդապետյանի «Սյունյաց բարբառը» ուսումնասիրության բարբառագիտական արժեքը(ԳԱ լեզվի ինստիտուտ, Ե., 1961թ.)» (Հայկանուշ Մեսրոպյան (ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բ.գ.դ., դոցենտ), «Ակսել Բակունցի գրական հայացքները» (Կարեն Խանյան, ՀՊՀՄ, բ.գ.թ., դոցենտ), «Գագիկ Դավթյանի պոեզիան արդի հայ գրականության համապատկերում» (Արմեն Ավանեսյան, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ, բ.գ.թ.), «Առաքել Սյունեցու՝ Գրիգոր Տաթևացուն նվիրված ներբողը» (Լիլիթ Հովսեփյան, ՀՊՄՀ, բ.գ.թ., դոցենտ), «Սերո Խանզադյանի «Շուշի» վեպի պատմափիլիսոփայությունը» (Թեհմինա Մարության, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Ալեքսանդր Մարգարյանի բարբառագիտական հայացքները» (Սվետլանա Մանուչարյան, ԳՊՀ, բ.գ.թ.), «Մի քանի անունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական տեղեկությունների հենքով. պատմական Սյունիք» (Մհեր Քումունց, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ, Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Հոր կերպարը Ս.Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում» (Ռիմա Ստեփանյան, ԳՊՀ, բ.գ.թ.), «Երաժիշտ բառի հնարավոր տարածումը Սյունյաց աշխարհից դեպի գրական դասական հայերեն» (Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ ԼԻ, բ.գ.թ.), «Քերականական ոճական իրողությունները Գուսան Աշոտի ստեղծագործություններում» (Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Գուսան Աշոտի մի քանի ժողովածուների նորաբանությունները և դրանց ոճական արժեքը» (Ինգա Մարգարյան, ԳՊՀ, բ.գ.թ.) և այլն:
«Կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները» մասնախմբի երկու նիստերում (համանախագահներ՝ Լաուրա Ասատրյան, Շողիկ Ոսկանյան) լսվեցին 16 զեկուցումներ, որոնց թվում՝ «Տաթևի դպրոցը և նրա անխոնջ մշակը» (Շողիկ Ոսկանյան, ՀՊՄՀ, մ.գ.դ., պրոֆեսոր, Վլադիմիր Կարապետյան, ՀՊՄՀ, հ.գ.դ., պրոֆեսոր, Զաբելլա Զոհրաբյան , ՀՊՄՀ, մ.գ.թ, դոցենտ), «Առաքել Սյունեցու մանկավարժական հայացքները» (Լաուրա Ասատրյան , ՀՊՄՀ, մ.գ.դ., պրոֆեսոր, Զարուհի Ասատրյան, ՀՊՄՀ, մ.գ.թ., դոցենտ), «Սյունիք-Արագածոտն կրթական առնչությունները միջնադարում» (Աշոտ Մանուչարյան, ԵՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Գլաձորի համալսարանի ուսումնականները և նրանց ազդեցությունը Սյունիքի գիտակրթական մտքի զարգացման վրա» (Մարգարիտ Ասատրյան, ՀՊՄՀ մ.գ.թ., դոցենտ, Լյովա Հարությունյան, ՀՊՄՀ, մ.գ.թ., դոցենտ), «Սյունիքի նշանավոր ուսումնագիտական կենտրոնները և ուսուցչապետերը (5-12-րդ դարեր)» (Արման Մալոյան, Կրթության ազգային ինստիտուտ,, պ.գ.թ.), «Սյունիքի պատմամշակութային արժեքների ուսումնասիրումը ստուգատեսի շրջանակում» (Աստղիկ Բալայան, ՀՊՄՀ, ԿԱԻ, մ.գ.թ.), «Մեծահասակների կրթության ժամանակակից հիմնախնդիրները Սյունիքի մարզում» (Արմինե Դալլաքյան, ՀՊՀՄ, մ.գ.թ., Հ.Սարգսյան, ՀՊՀՄ, մ.գ.թ. դոցենտ), «Սյունյաց նահանգի կրթական գործի կազմակերպիչների լուսավորական գործունեությունը 14-15-րդ դարերում» (Արմինե Բաղդասարյան, ԱրՊՀ, մ.գ.թ., դոցենտ), «Կրթամշակութային օջախները Սյունիքում 10-14-րդ դարերում» (Սուսաննա Ջանիկյան, ՀՊՀՄ, մ.գ.թ.), «Դասավանդման մեթոդիկայի հարցերը Սյունյաց վարդապետարաններում» (Քրիստինե Մելքումյան, ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ), «Անձի բազմագործոն ուսումնասիրման էությունը մտածողության ոճերի բացահայտման համատեքստում» (Նազելի Հախվերդյան, հ.գ.թ., դոցենտ), «Գորիս քաղաքի կրթօջախները(19-րդ դարավերջից մինչև մեր օրերը)», Կարինե Միրաքյան(ԳՊՀ) և այլն:
Գիտաժողովի «Բնագիտական ուսումնասիրություներ» մասնախմբում (համանախագահներ՝ Աշոտ Մարտիրոսյան, Լուիզա Վարդանյան) ներկայացված 7 զեկուցումները վերաբերում էին մաթեմատիկական կրթության սկզբնավորմանը և հետագա զարգացմանը Գորիսի տարածաշրջանում (Ա.Մարտիրոսյան, ԳՊՀ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, Արփինե Դինունց, ԳՊՀ, ֆ.մ.գ.թ., դոցենտ), Գորիսի տարածաշրջանում աճող դեղաբույսերի հատկությունների ուսումնասիրության վերլուծությանը (Լուիզա Վարդանյան, ԳՊՀ, ք.գ.դ., դոցենտ), Սյունիքի լանդշաֆտա-բնապահպանական և էկոլոգա-մշակութային առանձնահատկություններին (Արտաշես Զիրոյան, ՀՊՄՀ, կ.գ.դ., Տիգրան Թանգամյան , ՀՊՄՀ, մ.գ.դ, պրոֆեսոր, Քնարիկ Ուզունյան, ՀՊՄՀ, մ.գ.թ, Արմենուհի Փիլթակյան, ՀՊՄՀ), ինչպես նաև Սյունիքի մարզում ռազմավարական դեր ունեցող Որոտան գետի և նրա ջրահավաք ավազանի էկոլոգիական գնահատականի վերլուծությանը (Շուշան Շալունց, ԳՊՀ, կ.գ.թ., դոցենտ) և այլն: Կային նաև մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկային վերաբերող զեկուցումներ:
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ գիտաժողովի փակման լիագումար նիստը: Մասնախմբերի ղեկավարները հաղորդեցին քննարկումների մասին: Կարևորելով նման թեմատիկայով գիտաժողովի կազմակերպումը՝ նրանք բարձր գնահատեցին այն թե’ կազմակերպական մակարդակի և թե’ գիտական որակի առումով:
«Սյունիքը ունակ է ապահովելու հետազոտությունների լայն թեմատիկա, ինչպես իր պատմամշակութային փոխառնչությունների աշխարհագրական շրջանակների (Հս. Կովկաս, Իրան, Արցախ, Սևանի ավազան, Արարատյան դաշտավայր–Նախիջևան և այլն), այնպես էլ քաղաքական պատմության բազմերանգության առումներով» (Մկրտիչ Զարդարյան), հետևաբար գիտնականները հույս հայտնեցին, որ թեմատիկ ուղղվածությամբ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը Սյունիքում կլինի շարունակական ու նպատակային:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովի նիստերում հնչած զեկուցումները կարևոր կռվաններ են Սյունիքի հոգևոր ու նյութական հարուստ ժառանգության ուսումնասիրման, վերաարժևորման ու նորաահաստատման գործում:
Նշենք, որ Գորիսի պետական համալսարանում ՀՀ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ գործում է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագիրը, որի գիտաշխատողները ակտիվորեն ներգրավված էին գիտաժողովի նպատակադիր աշխատանքներում:
Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գորիսի պետհամալսարանի դահլիճում ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաժողովի հյուրերի համար համերգային ծրագրով հանդես եկավ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սեդրակ Երկանյան): Օրվա մասն էր կազմում նաև հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Գիտաժողովի շրջանակներում իրականացվեցին պատմաճանաչողական այցեր (Ակսել Բակունցի տուն-թանգարան, Խնձորեսկ):

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Գիտաժողովի պատասխանատու քարտուղար
















ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

 Հոկտեմբերի 5-6-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձին նվիրված ուսանողական հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին ԳՊՀ-ի և ՀՀ այլ բուհերի, որոնց թվում՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի և Վանաձորի պետական համալսարանի շուրջ 60 ուսանողներ:
Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ նախ ողջունելով համալսարանականներին բուհի կեսդարյա հոբելյանի առթիվ, որ նշանավորվում է նոր ու նշանակալից ձեռնարկով՝ հանրապետական գիտաժողովի շրջանակում հյուրընկալելով ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին, նրանց ղեկավարներին, ՈՒԳԸ-ների պատասխանատուներին, ապա համառոտ ներկայացրեց համալսարանի անցած ուղին, գիտակրթական ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: Ռեկտորը կարևորեց նաև հանրապետական ուսանողական գիտաժողովի՝ որպես այդպիսին առաջինը լինելու հանգամանքը, որ մեծապես կակտիվացնի ԳՊՀ-ի և ՀՀ այլ բուհերի ուսանողական գիտական համագործակցությունը՝ նոր ծրագերի կյանքի կոչման հեռանկարով:
Ողջույնի խոսք ասաց ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ուսանողներին, նրանց ղեկավարներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել՝ ուսանողների գիտական հետաքրքրությունները ձևավորելու, գիտահետազոտական հակումները զարգացնելու գործում, և նրանց շնորհիվ շատերն արդեն գիտության մեջ լուրջ նախաքայլեր են անում: Նա ներկայացրեց նաև օրակարգը և հաջող ընթացք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի մագիստրատուրայի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նոննա Ալավերդյանը և ԳՊՀ-ի ԲՄ ֆակուլտետի «Մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արտեմ Բալասայանը: Ն.Ալավերդյանի զեկուցումն ուշագրավ էր այն առումով, որ ամփոփ պատկերացում էր տալիս Գորիսի փառապանծ պատմության, այդ պատմության մի կարևոր անկյունադարձի՝ Գորիսի պետհամալսարանի հիմնադրման կենսահանգամանքների, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ուսանողներին մեծ ոգևորություն պատճառեց Արտեմ Բալասանյանը՝ խոսելով ուսանողական բացառիկ մի նախաձեռնության՝ Գորիսում եռաչափ տպիչների արտադրության մասին:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին յոթ բաժանմունքներում` մանկավարժության, հոգեբանության և փիլիսոփայության, լեզվաբանության, գրականության, պատմության և իրավագիտության, կենսաբանության և քիմիայի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և կառավարման: Նիստերն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, ելույթներով:
Գիտաժողովի առաջին բովանդակալից օրվա ավարտին հյուրերը շրջայց կատարեցին Գորիսում, ծանոթացան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, այցելեցին գորիսեցիների համար սրբավայր դարձած Ակսել Բակունցի տուն-թանգարան:
Հոկտեմբերի 6-ին ամփոփվեցին ուսանողական հանրապետական գիտաժողովի արդյունքները: Բաժանմունքների ղեկավարները ամփոփիչ տվյալներ ներկայացրին մասնախմբային նիստերի թեմատիկ քննարկումների մասին և, ընդհանուր առմամբ, գիտաժողովը համարեցին կայացած:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը, ամփոփելով երկօրյա գիտական նստաշրջանը, ողջերթի խոսք հղեց ուսանողներին և նրանց հանձնեց հավաստագրեր:
Ուսանողների համար նախատեսված էր նաև պատմաճանաչողական այց դեպի Խնձորեսկ, ինչն ամբողջացրեց օրվա գունանկարը:

hum-1 hum-5 hum-6 hum-7 hum-8 hum-9 hum-10 hum-11 hum-12 hum-13 hum-14 hum-15 hum-16 hum-20 hum-21 hum-22 hum-23     hum-24  hug-4 hug-3  hum-19 nor ktrats

eqskurs-1eqskurs-2

ՈՒԳ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՃՏ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ

    Մայիսի 18-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Ճարտարգիտության և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական նստաշրջանը` նվիրված ԳՊՀ հիմնադրման 50-ամյակին: Նստաշրջանը մեկնարկվեց ՃՏ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, Տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ս.Պողոսյանի կարճառոտ ելույթով` միջոցառման ձեռնարկման կարևորության, գիտական ելույթների հաջորդականության, թեմաների ընտրության, զեկուցողների և նրանց գիտական ղեկավարների վերաբերյալ:Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` կարևորելով ֆակուլտետի նախաձեռնությունն ու բուհի 50-ամյակին նվիրված միջոցառումների հերթական գիտական ձեռնարկը. «Համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված ֆակուլտետային ՈՒԳ նիստերը, համոզված եմ, շարժիչ գործոն կլինեն ԳՊՀ-ում աշնանը կայանալիք հանրապետական գիտաժողովի համար»: Ծանոթանալով գիտական նստաշրջանի ծրագրին` ռեկտորը ոգևորությամբ ընդգծեց թեմաների արդիականությունը, հետաքրքրությունը, մեծապես ողջունեց օտար լեզուներով ներկայացվելիք զեկուցումները, առաջարկեց կատարված հետազոտություններն ու աշխատանքներն առավել խորապես ուսումնասիրել և ներկայացնել ավելի մեծ լսարանների: ՃՏ ֆակուլտետի դեկան Ա.Դինգչյանը, ողջունելով ներկաներին , խոսեց գիտական աշխատանքներին ուսանողներին ներգրավելու, հետազոտական գործունեության մեջ ուսանողների անդրանիկ քայլերի հետագա շարունակականության, ինչպես նաև թեմաների արդիականության ու բազմազանության մասին` նստաշրջանի համար կանխատեսելով համապատասխան ընթացք: Ելույթներով հանդես եկան նաև Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, Էլեկտրոնիկայի և էներգետիկայի ամբիոնի վարիչ Ս.Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լ.Օհանյանը, ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Ս.Ալավերդյանը: Թեմաների արդիականությունն ու բազմաբովանդակ լինելը, զեկուցումներին համընթաց ներկայացվող ցուցադրություններն ապահովեցին գիտական հաճելի մթնոլորտ, որի ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողներին: Տնտեսագիտության բաժանմունքում զեկուցումների թեմաները բազմաբնույթ էին` վարկերն ու դրանց էությունը, մասշտաբի էֆեկտը, զբոսաշրջության դերը Սյունիքի մարզում , հյուրանոցային համակարգի արդի վիճակն ու զարգացման ուղղությունները, ապրանքի կենսացիկլը, ներդրումային համակարգի մեխանիզմները, դեմոկրատական կառավարման համակարգը`ըստ Սպինոզայի: Ճարտարագիտական սեկտորի թեմաներն էին` «Էլեկտրոնային զարթուցիչի նախագծում», «Ակտիվ տուրբինով մեծ հզորության հիդրոէլեկտրակայանի էլեկտրական մասի նախագծում», «Արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրամատակարարման համակարգի նախագծում»: Օտար լեզուների բաժանմունքի թեմաներն էին` «Ֆրանսիայի արտաքին առևտուրը 2016թ-ին և որոշ կանխատեսումներ` կապված 2017թ-ի հետ», «Խաղի տեսությունը»: ՃՏՖ ՈւԳ նստաշրջանն ամփոփվեց ռեկտոր Ա.Ղուկասյանի եզրափակիչ ելույթով և մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությամբ:

engineering-economics-1
engineering-economics-2
engineering-economics-3
engineering-economics-4
engineering-economics-5
engineering-economics-8
engineering-economics-12
engineering-economics-6
engineering-economics-11
engineering-economics-10
engineering-economics-7
engineering-economics

ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՃՏ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐ pdf-icons


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՀՄ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ

       Մայիսի 11-ին ԳՊՀ ՀՀՄ ֆակուլտետում մեկնարկեց ուսանողական երկօրյա գիտական նստաշրջանը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 50-ամյակին :
Լիագումար նիստի բացման խոսքում ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով ՀՀՄ ֆակուլտետի և նորաստեղծ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությունը՝ ԳՊՀ-ի հոբելյանին ընդառաջ ներֆակուլտետային գիտաժողով կազմակերպելու առթիվ: Նա մասնավորապես նշեց, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներ: «Դրանք օգնում են հետագայում ուսումը ասպիրանտուրայում շարունակելիս, նպաստում, որ բուհի շրջանավարտները դառնան գիտամանկավարժական ու գիտական աշխատողներ»:
Ողջույնի խոսք ասացին ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պ/կ Թ.Մարությանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Լ.Ներսիսյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հ.Պետորսյանը, Պատմության ամբիոնի վարիչի պ/կ Գ.Շաբունցը, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ա.Հովհաննիսյանը և ԳՊՀ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Ս.Ալավերդյանը:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին հայոց լեզվի և գրականության բաժանմուքնում, որտեղ ներկայացված էր 13 զեկուցում:
Մայիսի 12-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Մանկավարժության և հոգեբանության, ինչպես նաև Պատմության բաժանմուքներում: Պատմության բաժանմունքում ներկայացված զեկուցումների թեմատիկ սևեռումները վերաբերում էին պատմագիտական մի շարք արդիական խնդիրների՝ «Հայերի ցեղասպանությունը և Ֆրանսիայի քարոզչությունը», «Հայ ադրբեջանական սահմանային խախտումները 2014-2016թթ.», «Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հաղթահարման խնդրի շուրջ», «Ավետիս Ահարոնյանի դիվանագիտական գործունեությունը» և այլն: Մանկավարժության և հոգեբանության բաժանմուքնում ներկայացված զեկուցումների թեմատիկ ընդգրկումը վերաբերում էր մանկական աուտիզմի դրսևորման օրինաչափություններին, ներընտանեկան կոնֆլիկտների առաջացման պատճառներին ու դրանց հաղթահարման ուղիներին, կրտսեր դպրոցի ուսումնամեթոդական գործունեությանը՝ արդիական խնդիրների շեշտադրումներով: Զեկուցումների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, եղան առանձին դիտարկումներ ու առաջարկություններ:
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները ամփոփեց ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը, ով ողջունեց համալսարանի 50-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպված անդրանիկ միջոցառումը, ՀՀՄ ֆակուլտետի և ՈՒԳ ընկերության բարեշահ նախաձեռնությունը, ֆակուլտետի ուսանողների գիտահետազոտական աշխատանքները ուսումնագիտական բարձր մակարդակով ուղղորդելու և ներկայացնելու դասախոսների ջանքերը:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը գիտաժողովի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և հորդորեց մշտապես բարձր պահել համալսարանի պատիվը:
Նշենք, որ ՈՒԳԸ-ը նախաձեռնում է աշնանը կազմակերպել հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ հոբելյանին:

GPH-UG1
GPH-3
GPH-4
gph50-jox
GPH-S
GPH-usanox
GPH50-LL
GPH_miasin
GPH-1
GPH-2
GPH-3
GPH-4
GPH-5
GPH-6
GPH-7
GPH-8
GPH-9
GPH-10

ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՀՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐ pdf-icons


«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ 230-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Մայիսի 5-ին ՀՀՄ ֆակուլտետի Իրավագիտության ամբիոնը նախաձեռնել էր գիտական ընթերցումներ՝ «Լուսավորականության դարաշրջանը և հայ ազատագրական, իրավաքաղաքական միտքը» խորագրով՝ նվիրված հայկական առաջին սահմանադրության՝ «Որոգայթ փառաց»-ի ստեղծման 230-ամյակին: Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Մ.Թելունցը՝ «Լուսավորականության դարաշրջանը և 18-րդ դարի երկրորդ կեսի հայ առաջադեմ ազատասիրական, իրավաքաղաքական միտքը. «Որոգայթ փառաց»-ը` հայկական առաջին սահմանադրությունը և հայկական ապագա պետության մոդելը. պատմություն և արդիականություն» թեմայով, ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանը՝ «Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» երկի պատմագեղարվեստական արժեքը» թեմայով, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողները՝ մագիստրատուրայի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Շ.Միքայելյանը («Որոգայթ փառաց»-ը՝ որպես հայ իրավունքի հուշարձան»), Մ.Բեգլարյանը («Հայկական պետականության անկման պատճառները՝ ըստ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» իրավաքաղաքական երկի»), «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մ.Իվանյանը («Գրահրատարակչական և գրատպագրական գործը Մադրասահայ գաղութում (18-րդ դար)»):Զեկուցողները անդրադարձան լուսավորականության դարաշրջանում հայ ազատասիրական, իրավաքաղաքական մտքի զարգացման հիմնախնդիրներին՝ մասնավորապես կարևորելով մադրասահայ գաղութի դերակատարությունը՝ որպես 18-րդ դարի հայոց գաղափարաբանության մշակման կենտրոն, որտեղ շիկանում էր մտավոր, քաղաքական գործիչների մի ամբողջ բույլի ազատասիրական եռանդը: Գիտական ընթերցումների թեմատիկ սևեռումը «Որոգայթ փառացն» էր՝ ոչ միայն հայ իրականության մեջ, այլև աշխարհում առաջին սահմանադրության նախագիծը, որը նաև ազգային-ազատագրական շարժման ծրագիր էր ու դրա տեսական հիմնավորումը: Աշխատություն, որ դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման տեսական զենք և գործնական ուղեցույց, արթնացրեց հային թմրությունից, բորբոքեց ազգային արժանապատվությունը, ոգեշնչեց ազատության ու արժանապատիվ գոյատևման, այսինքն՝ կանխորոշեց ազգային ինքնագիտակցության ու ազատագրական շարժման հետագա ողջ ընթացքը, դարձավ նրա մանիֆեստը:Զեկուցումների շուրջ ծավալվեց քննարկում, իսկ ամփոիչ խոսքով հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ստեփանյանը: Իրավագիտության ամբիոնի վարիչ Մալիկ Թելունցը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակիցներին, զեկուցումներ ներկայացրած ուսանողներին հանձնեց հավաստագրեր:

vorogayt-parac-1
vorogayt-parac-2
vorogayt-parac-3
vorogayt-parac-4
vorogayt-parac-5
vorogayt-parac-6
vorogayt-parac-7
vorogayt-parac-8

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ`«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ 230-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ, ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ pdf-icons


«ԱՆԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԻԻ 1055-ԱՄՅԱԿԻՆ 

      Դեկտեմբերի 20-ին Գորիսի պետական համալսարանում ԳՊՀ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց Անիի 1055-ամյակին նվիրված «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և մշակութային կենտրոն» խորագրով ուսանողական գիտական նստաշրջան:
ՈՒԳ նստաշրջանը բացեց Պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Շաբունցը, իսկ 3-րդ կուրսի ուսանողուհի Մարի Թևոսյանը ապահովեց քնարական մուտքը` ընթերցելով Հ. Շիրազի «Անի» բանաստեղծությունը:
Զեկուցումներով հանդես եկան «Պատմություն» մասն. 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Իսախանյանը, «Պատմություն» մասն. 3-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Գաբրիելյանը, «Պատմություն» մասն. 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Գզիրանցը, «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Շահանե Մաթևոսյանը, «Պատմություն» մասն. 3-րդ կուրսի ուսանողուհի Հեղինե Իսունցը, «Պատմություն» մասն. 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Բաղդասարյանը, «Պատմություն» մասն. 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Գրիգորյանը, «Պատմություն» մասն. 3-րդ կուրսի ուսանողուհի Մարի Թևոսյանը:
Նստաշրջանի ավարտին Պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ.Շաբունցը շնորհակալություն հայտնեց նստաշրջանի մասնակիցներին և հանձնեց հավաստագրեր:

ani-1055-1
ani-1055-2
ani-1055-3
ani-1055-4
ani-1055-5
ani-1055-6

ԱՆԻԻ 1055-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՆԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐ pdf-icons


ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ 290-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

     Նոյեմբերի 25-ին Գորիսի պետական համալսարանում Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտաժողով` նվիրված հայ ժողովրդի լուսավորության ու ազատագրական պայքարի ականավոր գործիչ Հովսեփ Էմինի ծննդյան 290-ամյակին: Նշանավոր հային նվիրված տեսանյութի դիտումից հետո զեկուցումներով հանդես եկան Իրավագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Մ.Թելունցը, ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանը, Պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ.Շաբունցը, «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մ.Թևոսյանը և «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Ռուզան Ակլունցը:
Զեկուցողներն արժևորեցին Հովսեփ Էմինի պատմական դերակատարությունը 18-րդ դարի լուսավորական աշխարհայեցության, իրավաքաղաքան ու բնաիրավական գիտակցության, ազգային-ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում, կարևորեցին նրա ինքնակենսագրական երկը` որպես հայ մեմուարային գրականության եզակի նմուշ՝ ժամանակակից հայացք ձգելով նրա կյանքի ու գործի ուշագրավ իրողություններին:
Գիտաժողովի ավարտին ծավալվեց քննարկում, եղան առանձին ելույթներ: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը` գնահատելով ու կարևորելով Իրավագիտության ամբիոնի գիտական ձեռնարկը̀ նվիրված մեծահամբավ հայորդուն: Վերջում իրավագիտության ամբիոնի վարիչ Մ.Թելունցը գիտաժողովին մասնակցած ուսանողներին հանձնեց հավաստագրեր և շնորհակալություն հայտնեց ներկաներին:

hovsep-emin-1
hovsep-emin-2
hovsep-emin-3
hovsep-emin-4
hovsep-emin-5
hovsep-emin-6
hovsep-emin-7
hovsep-emin-8

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ 290-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ pdf-icons