ՎԵՐԱՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՑԱՆՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)  ապրիլի 30-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Գորիսի պետական համալսարանում, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում է և նախապատրաստվում է արտաքին գնահատմանը: Մշտադիտարկման նպատակն էր ծանոթանալ բուհում որակի ապահովման գործընթացներին, տեղեկանալ բարելավման պլանի իրականացման գործողություններին և արդյունքներին, որոնք ամփոփվել են ԳՊՀ 2020թ. ինստիտուցիոնալ ինքնավերլուծության զեկույցում և ս.թ. փետրվարին ներկայացվել ՈԱԱԿ: Մայիսին նախատեսվում էր հավատարմագրման փորձագիտական խմբի այցը համալսարան, բայց համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՈԱԱԿ-ը հետաձգել է գործընթացը, ինչի արդյունքում ժամանակացույցում կկատարվեն ժամկետների փոփոխություններ:
ՈԱԱԿ-ի կողմից բուհերում իրականացվող մշտադիտարկումները հնարավորություն են տալիս պարզելու  համակարգային խնդիրները, արձանագրելու  ձեռքբերումները և վեր հանելու լավագույն փորձը։
Մշտադիտարկման ընթացքում ZOOM հարթակում առցանց հանդիպումներ տեղի ունեցան ԳՊՀ-ի ռեկտորի,  պրոռեկտորի, ուսումնական մասի վարիչի, ամբիոնների վարիչների, կրթության որակի ապահովման բաժնի ղեկավարի և աշխատակիցերի, ինքնավերլուծության չափանիշների ղեկավարների, դասախոսների և ուսանողների հետ: ՈԱԱԿ մասնագետները՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ,  ծանոթացան ԳՊՀ բարելավման պլանի իրագործման ընթացքին, որակի ապահովման համակարգի գործունեությանը, արձանագրած արդյունքներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:
Առցանց հանդիպումներից և արդյունավետ քննարկումներից հետո ՈԱԱԿ մասնագետները բուհի ռեկտորի և հավատարմագրման գործընթացի պատասխանատուների հետ ամփոփեցին մշտադիտարկման ընթացքում նկատված խնդիրները և 2018թ.-ի հավատարմագրումից հետո բուհի ձեռքբերումները, որոնք նախադրյալներ կհանդիսանան 2020թ.-ի վերահավատարմագրման գործընթացը իրականացնելու համար:

Facebook Comments