ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՎ ԿՄԵԿՆԻ ԱՄԷ

Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱՄԷ Ազգային տոնին` Միավորման օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ և ԱՄԷ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար և ուսանողական կազմերի անդամներ, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ և հյուրեր:
Տոնական միջոցառմանը մասնակցեցին նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն ու «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի լավագույն ուսանողուհի Մարիամ Առստամյանը:
Հյուրերին ողջույնի խոսք հղեց Հայաստանում ԱՄԷ դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին` նշելով, որ դեկտեմբերի 2-ը Էմիրությունների ժողովրդի կյանքում հիշարժան օր է, քանի որ 1971թ. դեկտեմբերի 2-ին Էմիրությունները միավորվեցին` սկիզբ դնելով պետության հաղթական քայլերին՝ հանուն առաջընթացի:
Դեսպանն անդրադարձավ նաև ԱՄԷ-ի 2021թ. տեսլականին, իրենց արտաքին քաղաքականությանը, որը հիմնված է բացառապես չափավորության, ճշմարտության, բարության, մարդասիրության և հանդուրժողականության վրա, Հայաստան և ԱՄԷ համագործակացության ոլորտում կայուն զարգացամանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով` բարձր գնահատելով երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնումն ու համագործակցության շրջանականերում ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրագործումը:
Փոխվարչապետը  նաև շնորհակալություն  հայտնեց Արաբական Միացյալ Էմիրություններին և անձամբ դեսպանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանում մի շարք բարեգործական, կրթական և սոցիալական ծրագրեր են իրականացվում:
Ազգային տոնի միջոցառմանը Հայաստանում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ «Լուսե» զարգացման և ուսուցման կենտրոնի ու «Իմ ուղին» վերականգնողական ցերեկային կենտրոնի երեխաներն ու պատանիները պարգևատրվեցին ԱՄԷ այցով։ ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում սովորող 14 լավագույն ուսանողներ ևս պարգևատրվեցին ԱՄԷ կրթական այցով։
Գորիսի պետական համալսարանից Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Առստամյանը 14 լավագույն ուսանողներից է, ով պարգևատրվեց ԱՄԷ մեկնելու և վերադառնալու, ԱՄԷ-ում եռօրյա կացության հրավերով:

Facebook Comments